Ռուսաստանը հունիսի 20-ից փակում է Մոսկվայի և մի շարք այլ մարզերի օդային տարածքի մի մասը. ի՞նչ է կատարվում

Ռուսաստանի օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը («Ռոսավիացիա») հայտարարել է, որ Մոսկվայի, Մոսկվայի մարզի մեծ մասի և Ռյազանի, Տուլայի, Կալուգայի, Տվերի, Յարոսլավլի և Վլադիմիրի մարզերի որոշ հատվածներում կսահմանափակվեն թեթև և գերթեթև ինքնաթիռների, ինչպես նաև քաղաքացիական անօդաչու թռչող սարքերի թռիչքները։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»  գործակալությունը։


Պաշտպանության նախարարության պահանջով հունիսի 20-ից կսահմանափակվեն մինչև 5200 մետր բարձրության վրա թռիչքները։ Սահմանափակումներն ուժի մեջ կմնան մինչև հետագա ծանուցում։


Սահմանափակումները չեն վերաբերի պետական ​​և փորձարարական ավիացիայի օդանավերին։


Միջոցառումները ձեռնարկվում են թռիչքների անվտանգությունն ապահովելու համար։


«Դեպի օդանավակայաններ և օդանավակայաններից կատարվող կանոնավոր և չարտերային չվերթերը կշարունակեն իրականացվել ժամանակացույցի համաձայն», - ընդգծել է «Ռոսավիացիա»-ն։


ՌԴ պաշտպանության նախարարությունը մայիսի վերջին՝ Մոսկվայի մարզում երեք զոհի պատճառ դարձած անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակումից կարճ ժամանակ անց, դիմել էր Օդային տրանսպորտի դաշնային գործակալությանը և Տրանսպորտի նախարարությանը՝ արգելելու փոքր ինքնաթիռների թռիչքները Մոսկվայի օդային տարածքում: