Որ 9-րդ գումարման խորհրդարանը կունենա այսպիսի ներկայացվածություն՝ ՔՊ-ից բացի խորհրդարանում կհայտնվեն «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները՝ կանխատեսելի էր, սակայն ոչ այսպիսի համամասնությամբ։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ ամփոփելով հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Ինչ վերաբերում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ստացած տոկոսին, որը 2021-ի ԱԺ ընտրությունների համեմատ ավելի նվազ է, Բադալյանը սա համարեց տարիներ շարունակ կառավարող ուժի դեմ իրականացված մեդիատեռորի հետևանք՝ գումարած որոշ ուժերի կողմից բաժանված ընտրակաշառքը, արտերկրից ՀՀ եկած ու իրենց ընտրելու իրավունքի, «հայրենիքը փրկելու» մասին հիշած հազարավոր քաղաքացիների հանգամանքը։
Ինչ
վերաբերում է ԲՀԿ-ի՝ խորհրդարան չանցնելուն ու կառավարող ուժին ուղղված քննադատությանը,
թե՝ իշխանությունը միտումնավոր ԲՀԿ-ին դուրս թողեց խորհրդարանից, որպեսզի չզրկվի
2/3-ից, մեր զրուցակիցը հակադարձեց․ «Այսինքն, քննադատողների ուզածն այն է, որ մենք օրենքի
խախտումով և ընտրակեղծիքներով ներս թողնեինք ԲՀԿ-ին, որպեսզի իրենց սիրտը հովանա՞ր
ու իրենց պլանները կարողանային իրագործե՞լ։ ՀՀ քաղաքացիները քվեարկել են ու
քվեները չեն հերիքել, որ ԲՀԿ-ն անցնի խորհրդարան։ Այսպիսի գործընթաց տեղի է
ունենում աշխարհի գրեթե բոլոր երկրներում, և ընդհուպ շատ խիտ բնակչություն ունեցող
երկրներում ընդամենը երկու ձայնի տարբերությամբ հնարավոր է, որ մարդը նախագահ
չընտրվի կամ կուսակցությունը չանցնի խորհրդարան։ Սա շատ նորմալ պրակտիկա է։ Հետևաբար,
այս ամբողջ աղմուկի իմաստը ես չեմ հասկանում։ Եվ երկրորդ հանգամանքը՝ աղմուկ
բարձրացնողների համար ի՞նչ տարբերություն՝ խորհրդարանական խմբակցության անունը ԲՀԿ
է, «Ուժեղ Հայաստան» է, թե՞ «Հայաստան» դաշինք»։
Լուսինե
Բադալյանը կանխատեսում է, որ 9-րդ գումարման ԱԺ ընդդիմության վարքագիծը նման կլինի գործող՝ 8-րդ գումարման ԱԺ-ի
ընդդիմության վարքագծին։ «Մենք կանխավ ընտրողին զգուշացնում էինք, որ խորհրդարանը,
մասնավորապես ընդդիմությունը փոփոխության կարիք ունի։ Մենք էլ, բնականաբար, անթերի
լինել չենք կարող։ Եվ որպեսզի ավելի լավ կարողանանք լուծել ձեր խնդիրները, հարգելի՛
քաղաքացիներ, մեզ պետք է որակյալ ընդդիմություն, որը կառուցողական քննադատությամբ
ու քննարկումներով կկարողանա հարցը հասցնել իր լավագույն լուծմանը։ Բայց հանրությունը կատարել է իր ընտրությունը։ և
հանրության այն մասը, որը կատարել է այդ ընտրությունը, կնստի ու կլսի, թե ինչպես
են իր կողմից ընտրված ընդդիմադիր ուժերը ժամանակ ծախսում ու ոչինչ չանում՝ դրա
դիմաց ստանալով աշխատավարձ։ Մենք էլ ստիպված կլինենք մեր ներսում ունենալ թեժ
բանավեճեր, քննարկումներ, կատարել ընդդիմության դերն ու այսպիսով հասնել մեր
քաղաքացիների համար լավագույն լուծումների»։
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ ՔՊ-ին
չհաջողվեց ձևավորել սահմանադրական մեծամասնություն, արդյոք սա նշանակում է, որ Սահմանադրությունը
փոփոխելու, նոր Սահմանադրություն ունենալու «դուռն» այսպիսով փակվեց, ապա, ըստ ՔՊ խմբակցության պատգամավորի․ «Սահմանադրական մեծամասնություն ունենալու պարագայում շատ
հարցեր կարող էինք ավելի հեշտ լուծել, բայց սա է մեր ժողովրդի ընտրությունն ու
պարտավոր ենք դրա հետ հաշտ լինել և շարունակել նույն ոգևորությամբ ծառայել մեր
ժողովրդին։ Ես լավատես եմ, չեն կարծում, որ որևէ դուռ փակ է։ Կարծում եմ, որ բոլոր լուծումները կգտնենք և հնարավորինս սեղմ
ժամկետում մեր բոլոր նպատակները կիրագործենք»։
Անդրադառնալով
ՈՒՀ կուսակցության առաջնորդ Սամվել
Կարապետյանի՝ ընդդիմության ուղղված համախմբման կոչին և փողոցային հնարավոր պայքարի
հավանականությանը՝ այս կերպ հեռացնելու իշխանությանը՝ Բադալյանը նկատեց՝ եթե
փողոցային պայքարի պլաններ ունեին, ապա պայքարը պետք է արդեն իսկ սկսված լիներ։ Սակայն
բոլորն էլ իրենց հոգու խորքում վստահ են, որ ընտրություններն անցել են ազատ, արդար
և թափանցիկ՝ դրանց կազմակերպման և իրականացման առումով։ Եվ բացի այդ,
ընտրակաշառքով, ոչ թե՝ հանուն գաղափարի քվեարկած քաղաքացին «նոր ծառայություն»
մատուցելու՝ փողոց դուրս գալու համար
ակնկալելու է նոր վարձատրություն՝ ստիպելով ընդդիմությանը նորից առևտրի մեջ
մտնել քաղաքացիների հետ։
Զրույցի
ուշագրավ մանրամասները՝ տեսանյութում։
Հեղինե
Մանուկյան