«Սա լուրջ փաստաթուղթ է». Պուտինը հայտնել է, թե ինչ է սպասվում ԱՄՆ-Իրան գործարքից հետո

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կազանում հունիսի 18-ին Ռուսաստան-ԱՍԵԱՆ (Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիա) գագաթնաժողովի լիագումար նիստում հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագիրը հիմք կհանդիսանա ապագա համաձայնագրերի համար։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։


«Ես կարծում եմ՝ այն փաստը, որ փաստաթուղթը ստորագրվել է պետությունների ղեկավարների՝ պարոն Թրամփի և պարոն Փեզեշքիանի կողմից, նույնպես հիմք է տալիս ակնկալելու, որ սա լուրջ փաստաթուղթ կլինի, որը հիմք կհանդիսանա ապագա համաձայնագրերի համար», - նշել է նա։


Պուտինի խոսքով՝ Կազանի գագաթնաժողովում Ռուսաստանը և Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) անդամ երկրները միաձայն ողջունել են Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված համաձայնությունները։


«Մենք միաձայն ողջունել ենք իրանական և ամերիկյան կողմերի միջև ռազմական հակամարտության դադարեցման և ապագա խաղաղության համաձայնագրի պարամետրերի վրա աշխատելու վերաբերյալ համաձայնությունները», - ասել է Պուտինը։


Նա նաև շեշտել է, որ Մերձավոր Արևելքում կայունացումը դրական ազդեցություն կունենա համաշխարհային էներգետիկայի և պարենի շուկաների վրա։


«Մենք սպասում ենք Մերձավոր Արևելքում և Պարսից ծոցում իրավիճակի կայունացմանը, ինչը նույնպես դրական ազդեցություն կունենա համաշխարհային էներգետիկայի և պարենի շուկաների վրա», - ասել է Պուտինը։


«Ժամանակակից աշխարհի առջև ծառացած շատ հարցերի շուրջ մեր դիրքորոշումները մոտ են կամ նույնիսկ համընկնում են։ Սա վերաբերում է, մասնավորապես, Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին», - հավելել է նա։


ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագիրը ստորագրվել է հունիսի 18-ի գիշերը։ Փաստաթղթի համաձայն՝ Իրանը և ԱՄՆ-ն, ի թիվս այլ բաների, դադարեցնում են ռազմական գործողությունները բոլոր ճակատներում և բացում Հորմուզի նեղուցը։ Նաև 60 օրվա ընթացքում կողմերը պետք է համաձայնեցնեն վերջնական համաձայնագիրը, որը թույլ կտա լուծել առավել հրատապ հարցերը։ Դրանցից գլխավորը համարվում է Իրանի միջուկային ծրագրի ճակատագիրը։