Ռոմանոս Պետրոսյանի նախաձեռնությամբ ՀԷՑ-ում տեղի է ունեցել ընդլայնված կազմով քննարկում

Հունիսի 18ին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության գլխամասային գրասենյակում ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ընդլայնված կազմով աշխատանքային քննարկում։


«Հանդիպմանը ներկա էին ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, Կառուցապատողների հայկական ասոցիացիայի և Շինարարների միության ներկայացուցիչները, ինչպես նաև ՀԷՑ ՓԲ Ընկերության գլխավոր տնօրինությունների ղեկավարները։


Քննարկման առանցքային թեման ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից նախօրեին ընդունված որոշումն էր, որով ազատականացվում է 6(10) կՎ լարմամբ սպառման համակարգերի, ինչպես նաև նոր կառուցվող բազմաբնակարան շենքերի և կառուցապատվող թաղամասերի՝ բաշխման ցանցին միացման գործընթացը։


Ժամանակավոր կառավարիչն իր խոսքում առանձնահատուկ նշեց, որ ՀՀ ՀԾԿՀ-ի կողմից ընդունված այս բարեփոխումը նման ձևաչափով արդյունավետ համագործակցության արդյունք է, քանի որ դրա անհրաժեշտությունը քննարկվել էր դեռ ամիսներ առաջ՝ աշխատանքային քննարկման ընթացքում, և ոլորտի տնտեսվարողների կողմից պատշաճ հիմնավորվել էր այդ փոփոխության անհրաժեշտությունը։


Նախկինում գործող կարգավորման պայմաններում նշված միացումների համար անհրաժեշտ կապալի աշխատանքներն իրականացվում էին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից՝ արտապատվիրակելով այլ կազմակերպությունների, ինչն ինքնին բարդացնում էր գործընթացը:


Նոր կարգավորման համաձայն՝ էներգահամակարգերի բաշխման ցանցին միացման գործընթացը կիրականացվի ՀԷՑ-ի կողմից տրամադրվող տեխնիկական պայմանների հիման վրա՝ դիմող անձի կամ կառուցապատողի սեփական միջոցներով և ռեսուրսներով։


Արդյունքում միացման գործընթացը կդառնա առավել պարզ և ճկուն՝ նպաստելով բազմաբնակարան շենքերի էներգահամակարգերի՝ բաշխման ցանցին միացման աշխատանքների իրականացմանը ողջամիտ ժամկետներում, ինչպես նաև վերջիններիս համար տնտեսապես ավելի շահավետ պայմաններով:


Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև տեխնիկական պայմանների տրամադրման նոր մոտեցումներին, կառուցված բաշխման ցանցի՝ Ընկերությանը հանձնման կարգին, ինչպես նաև ոլորտում վարչական ընթացակարգերի պարզեցման և ներդրումային միջավայրի բարելավման հնարավորություններին։


Ռոմանոս Պետրոսյանն առանձնահատուկ ընդգծեց նման ձևաչափով քննարկումների կարևորությունը՝ նշելով, որ դրանք նպաստում են ոլորտային հիմնախնդիրների համատեղ քննարկմանը, արդյունավետ լուծումների մշակմանը և էլեկտրամատակարարման համակարգի կայուն զարգացմանը։


Հանդիպման մասնակիցները ողջունեցին նախաձեռնությունը՝ կարևորելով պետական մարմինների, կառուցապատողների և էներգետիկ համակարգի ներկայացուցիչների միջև շարունակական համագործակցությունը՝ ի նպաստ ոլորտում տնտեսական ցուցանիշների ակտիվացմանը:


Մասնակիցների գնահատմամբ՝ նոր կարգավորումները կարևոր քայլ են ոլորտի արդիականացման ուղղությամբ՝ նպաստելով միացման գործընթացների պարզեցմանը, ներդրումային ծրագրերի առավել արդյունավետ իրականացմանը և կառուցապատման ոլորտում տնտեսավարման գործընթացների բարելավմանը»,- ասվում է ՀԷՑ հասարակայնության և կորպորատիվ կապերի դեպարտամենտի հաղորդագրության մեջ։