Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն

Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները հունիսի 16-ին Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 58-րդ կմ հատվածում հայտնաբերել, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և իր վարած «Հյունդայի» մակնիշի մեքենայով հանդերձ՝ Համայնքային ոստիկանության Սևանի բաժին են տեղափոխել Արագածոտնի մարզի Կարբի գյուղի բնակիչ 26-ամյա մի երիտասարդի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցի զանգվածով փաթեթ և կաթուցիչ։


Նույն օրը թմրանյութ պահելու և օգտագործելու դեպք են բացահայտել նաև Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները։ Նրանք Դավիթ Բեկի փողոցի հասցեներից մեկի մոտ հայտնաբերել, ձերբակալել և Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին են տեղափոխել Ալավերդի քաղաքի բնակիչ 27-ամյա մի երիտասարդի, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի զանգվածով 2 փաթեթ։


Ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարի առաջին գծում են նաև համայնքային ոստիկանները։ 


Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունը, Ջրաշինարարների բանավանում հայտնաբերել, թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել Վանաձոր քաղաքի բնակիչ 39-ամյա մի տղամարդու։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են կրիստալ տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված և մոխրացած հետքերով կաթուցիչ։ Պարզվել է, որ նա թմրամիջոցը ձեռք էր բերել տելեգրամյան ալիքի միջոցով։


Թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպք են բացահայտել նաև Համայնքային ոստիկանության Մետրոպոլիտենի բաժնի ծառայողները։ Նրանք մետրոյի «Բարեկամություն» կայարանի նախասրահում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել Չարենցավան քաղաքի բնակիչ 29-ամյա մի երիտասարդի, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով փաթեթ և ծալովի դանակ։ 


Բոլոր դեպքերով կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։