Իսրայելն է ստանձնելու Գազայի հատվածում անվտանգության պատասխանատվությունը՝ պատերազմի ավարտից հետո. Նեթանյահու
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Իսրայելը «անորոշ ժամանակահատվածում» պետք է զբաղվի Գազայի հատվածի անվտանգությունն ապահովելով՝ ռազմական գործողությունների ավարտից հետո։ Այսպիսի կարծիք է հայտնել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ամերիկյան ABC News հեռուստաալիքին տված հարցազրույցում։
ABC News-ի լրագրող Դևիդ Մյուիրը Նեթանյահուին հարցրել է՝ ո՞վ պետք է կառավարի Գազայի հատվածը, երբ պատերազմն ավարտվի։
Իսրայելի վարչապետի խոսքով՝ պետք է կառավարեն նրանք, ովքեր «չեն ցանկանում գնալ ՀԱՄԱՍ-ի ճանապարհով»։
«Ես կարծում եմ, որ Իսրայելը անորոշ ժամանակով կստանձնի (տարածաշրջանում) անվտանգության ընդհանուր պատասխանատվությունը, որովհետև մենք տեսանք, թե ինչ տեղի ունեցավ, երբ մենք դա չէինք անում: Երբ մենք պատասխանատվություն չենք կրում անվտանգության համար, այն ամենը, ինչ մենք ունենք, ՀԱՄԱՍ-ի ահաբեկչությունն այնպիսի մասշտաբներով է աճում, որը մենք պատկերացնել անգամ չէինք կարող»,- ասել է Նեթանյահուն:
Լրագրողները հարցրել են ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Քիրբիին, թե արդյոք Վաշինգտոնը սատարո՞ւմ է Նեթանյահուի դիրքորոշումը հատվածի ապագայի հարցում։ Քիրբին պատասխանել է, որ այդ հարցով քննարկումը շարունակվում է, և վերջնական որոշում դեռ կայացված չէ։ «Մենք աջակցում ենք այն բանին, որ ՀԱՄԱՍ-ն այլևս չի կարող վերահսկել Գազան»,- հավելել է Քիրբին:
ABC News-ին տված հարցազրույցում Նեթանյահուն նաև հերքել է Գազայի հատվածում հրադադարի գաղափարը այնքան ժամանակ, քանի դեռ ազատ չեն արձակվել ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդառված բոլոր պատանդները: Միևնույն ժամանակ նա հնարավոր է համարել «մարտավարական դադարը»՝ «մեկ ժամ այստեղ, մեկ ժամ այնտեղ»։ Վարչապետը նշել է, որ Իսրայելն արդեն հայտարարել է, որ իրենք հնարավորություն կտան հումանիտար բեռներն անցկացնելու կամ մարդկանց հեռացնելու։ Նրա կարծիքով՝ համընդհանուր հրադադարը կխանգարի Իսրայելի գործողություններին՝ կապված պատանդների ազատ արձակման հետ։