Իրանը համաձայնել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) տեսուչներին հրավիրել երկիր: Այս մասին Բյուրգենշտոկում (Շվեյցարիա) իրանական կողմի հետ բանակցությունների արդյունքներով հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը:
«Ես ակնկալում եմ, որ դա տեղի կունենա առնվազն այս շաբաթ, բայց մենք կարծում ենք, որ տեսուչների և ՄԱԳԱՏԷ-ի հետ այդ խոսակցություններից մի քանիսը կարող են կայանալ նույնիսկ այսօր», - ասել է Վենսը:
Անդրադառնալով ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններին՝ նա հայտնել է, որ տեխնիկական մասնագետները կշարունակեն իրենց աշխատանքը նախկինում ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում:
«Մենք դրել ենք հիմքը: Տունը դեռ չենք կառուցել, բայց հաջող հիմք ենք գցել: Ես չեմ կարող մնալ այստեղ հաջորդ 60 օրերի ընթացքում. վերադառնում եմ ԱՄՆ: Բայց տեխնիկական մասնագետները կաշխատեն: Մենք ցանկանում էինք ստեղծել մի մեխանիզմ, որը թույլ կտար Հորմուզի նեղուցը բաց պահել: Այն բաց է: Մենք ցանկանում էինք համոզվել, որ ստեղծել ենք այնպիսի մեխանիզմ, որը կերաշխավորեր, որ անխուսափելիորեն ծագող հակամարտությունների դեպքում մենք կկարողանայինք հարթել դրանք», - նշել է նա:
Վենսն անդրադարձել է նաև Լիբանանում Իսրայելի ռազմական գործողություններին՝ նշելով, որ «իսրայելական կողմը հստակ հասկացրել է, որ իրենք տարածքային նկրտումներ չունեն Հարավային Լիբանանում»:
«Պատճառը, թե ինչու են նրանք կարծում, որ պետք է լինեն այնտեղ, այն է, որ նրանք անհանգստացած են Հարավային Լիբանանում «Հեզբոլլահի» գրոհայինների առկայությամբ: Մենք հավատում ենք, որ կարող ենք հասնել մի իրավիճակի, երբ Լիբանանի տարածքային ամբողջականությունը և Իսրայելի անվտանգությունը պաշտպանված կլինեն: Վերջին 24 ժամվա ընթացքում Լիբանանում իրավիճակը, հավանաբար, ամենախաղաղն է եղել ողջ ընթացքում», - ընդգծել է ԱՄՆ փոխնախագահը: