Մոլդովան կկարողանա մինչև 2026 թվականի վերջը ստանալ լրացուցիչ 523 միլիոն եվրոյի եվրոպական աջակցություն՝ պայմանով, որ կիրականացվեն այդ երկրի համար ԵՄ Աճի պլանով նախատեսված բոլոր բարեփոխումները: Այս մասին ԵՄ-Մոլդովա գագաթնաժողովի արդյունքներով հրավիրված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը՝ Եվրոպական միության խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ միասին:
Նա նշել է, որ Քիշնևն արդեն ժամանակին իրականացրել է բարեփոխումների 93%-ը: «Դա արդեն իսկ թույլ է տվել ձեր երկրի համար ապաշրջափակել 504 միլիոն եվրոյի եվրոպական միջոցներ», - ասել է ԵՀ ղեկավարը:
Նրա խոսքով՝ լրացուցիչ միջոցները կարող են ուղղվել ճանապարհների և կամուրջների շինարարությանը, բժշկական ենթակառուցվածքների արդիականացմանը, ընկերությունների համար ֆինանսավորման հասանելիության ընդլայնմանը և քաղաքացիների համար նոր հնարավորությունների ստեղծմանը:
Ֆոն դեր Լյայենը նաև հայտնել է, որ Մոլդովային արդեն հատկացվել էր 200 միլիոն եվրո, ինչը նրան դարձնում է Խաղաղության եվրոպական հիմնադրամի գծով օգնության երկրորդ ամենախոշոր երկկողմ ստացողը՝ Ուկրաինայից հետո:
Ըստ նրա՝ Եվրոպական միությունը 2026 թվականին պատրաստում է աջակցության նոր փաթեթ՝ 120 միլիոն եվրոյի չափով, որն ուղղված է լինելու անվտանգության ոլորտում երկրի կարիքներին: Բացի այդ, ԵՄ-ն 11 միլիոն եվրո կհատկացնի հիբրիդային սպառնալիքների նկատմամբ Մոլդովայի դիմակայունության բարձրացմանը և 17 միլիոն եվրո՝ սահմանային ենթակառուցվածքների զարգացմանը:
Եվրահանձնաժողովի ղեկավարը հայտարարել է, որ անցյալ շաբաթ անդամակցության շուրջ բանակցությունների առաջին կլաստերի բացումը դարձավ «պատմական հանգրվան» Եվրոպական միությանը անդամակցելու Մոլդովայի ճանապարհին և երկրի կողմից իրականացված բարեփոխումների ճանաչում՝ չնայած Ռուսաստանի կողմից գործադրվող ճնշումներին ու հիբրիդային հարձակումներին: