Ընդդիմության ուշացած «զարթոնքը»․ 20 օր՝ որոշելու, թե ինչ անել պարտությունից հետո

Հունիսի 7-ի ընտրություններին ընդառաջ այդպես էլ չհամախմբված, միասնական ճակատ կազմել չկարողացած  ընդդիմությունը հայտնվել է Զատիկից հետո կարմիր ձու ներկողի կարգավիճակում՝ «պոստ ֆակտում» ազդարարել է համախմբման  մասին։ Մի պրոցես, որը, գրողը տանի, ադեկվատ, տարրական թվաբանություն, քաղաքական նվազագույն տրամաբանություն ու հոտառություն ունեցող  քաղաքական ուժերը, հարկավ, պետք է անեին «Զատկից»՝ այս դեպքում՝ ընտրություններից առաջ, որպեսզի կարողանային առավելագույնս կլանել ընդդիմադիր հայացքներ ունեցող էլեկտորատի քվեներն ու նվազագույնի հասցնել ձայների փոշիացումը։ Մեր երկրում, սակայն, որտեղ պետական գրանցում ունի 130-ին մոտ քաղաքական կուսակցություն, որոնց ղեկավարները, երևի չնչին բացառությամբ,  իրենց երևակայում են որպես պոտենցիալ վարչապետացու, նվազագույնը՝ պետական որևէ կառույցի վարչության պետացու, բնականաբար, նախընտրական համախմբումը դատապարտվելու էր ձախողման։  Սեփական անառողջ ամբիցիաների ձեռքը «կրակն ընկած» ու արդեն քանի տարի՝ եռուեփ եկող ռադիկալ ընդդիմությունը՝ մասնավորապես նախկին նախագահների կողմից ղեկավարվող կամ նրանց կուրացիայի տակ գտնվող, նկատենք, այդպես էլ չկարողացավ հանգցնել իր իսկ ամբիցիաների կրակը, միավորվել, մեկ միասնական ճակատ կազմել, թեև մեկումեջ լսվում էին գոռուն-գոչյուններ՝  երկրում հրդեհ է, պաժա՜ռ, պետք է միավորվել ու հանգցնել այն։ Կարկառուն ՀՀԿ-ականներից մեկն էլ, հիշեցնենք, նախքան ընտրությունները, դեռ «մի ոտ» էլ շուտ, հորդորում էր  ընդդիմադիր դաշտի տղաներին, թե «Հիմա մեր տունը վառվում ա։ Իմ մոտ նենց տպավորություն ա, որ մենք էդ շլանգը ձեռներս էդ կրակը ուզում ենք մարենք, հետևից մեր վրա պզզցնում են։ Հերիք ա, տղաներ ջան, իրար վրա պզզցնեք`ընդդիմության մեր գործընկերներին եմ ասում։ Ուզո՞ւմ եք իշխանափոխություն, գիտակցո՞ւմ ենք, որ իշխանափոխությունն ա էդ աղետից պրծնելը, շլանգով իրար վրա հերիք ջուր պահենք ու վարկաբեկենք»։      

 

Նախընտրական շրջանում, իհարկե, ընդդիմադիր դաշտի տղաներին հաջողվեց «թայմ աութ» վերցնել՝ դադարել իրար վրա ջուր ու այլազան հեղուկներ շփել ու բոլորն իրենց քաղաքական «շլանգները», ներողություն՝ ռետինե խողովակները, լեցուն տարատեսակ ինֆորմացիոն աղբով, ստով, կերծիքով, հերյուրանքով, ագրեսիայով․․․․ ուղղեցին թիվ մեկ թիրախին՝ Նիկոլ Փաշինյանին։  Նրանց աչքին թվացած պատրանքային «պաժառը», սակայն, հրշեջների այդ խմբին, այդպես էլ  հանգցնել չհաջողվեց։  Դե․․․․ինչպե՞ս է հնարավոր հանգցնել ինչ-որ բան, որը չկա, միրաժ է, ոմանց հիվանդ գլխում արտադրված ցնորք, և բացի այդ՝ ինչպես է հնարավոր հանգցնել թեկուզ միրաժային հրդեհը, երբ հանգցնելու համար նախատեսված «խողովակները»  խցանված են, որոշ հատվածներում՝ ծակ, պաժառնիկներն էլ՝ անգանգ ու անգաղափար, ընդհուպ մինչև քոք մաշված, որոշ տեղերում էլ քայքայված և շարքից դուրս եկած։ 

 

Այսուհանդերձ, քաղաքական ձախորդ «պաժառնիկների» կոնգլոմերատը որոշել է հրդեհի հետմարման, այսպես ասած՝ հետհրդեհային աշխատանքներ տանել, ձևավորելով հետընտրական կոալիցիա, «տո լի» կոմիտե, «տո լի» «ոչ»-ի շարժման համազգային միասնական ճակատ,  «տո լի» թիկունք, թիակ, կրծքավանդակ․․․․Էական չէ։ Կարևորը ոչ թե ձևավորվելիք կոլեկտիվի անունն է, այլ այն  գործողությունը, որը նպատակադրվել է իրականացնել հիշյալ կոլեկտիվը։ Իսկ այդ գործողության անունն է, ուշադրություն՝ բողոքի զանգվածային միջոցառումներ, որոնց նկատակն ակնհայտորեն տեղի ունեցած ընտրությունները ապալեգիտիմացնելն է, ցույց տալը իրենց արտաքին հովանավորներին ու ընտրողներին, թե՝ «хотели как лучше,  а  получилось как всегда»: Թեև մեկ ունցիա ամոթ ու բարոյականություն ունենալու դեպքում ընդդիմադիր կոնգլոմերատը կարող է ռուսաստանցի գործչին վերագրվող այս արտահայտության փոխարեն հղում անել   «դասականին»՝ խոստովանելով՝ «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, մենք նորից ու վերստին սխալվեցինք։ Ընտրողների մեծամասնության կամքը մեր՝ իշխանության գալուն ու պաշտոնավարմանը  դեմ է։ Մենք հաշտ ենք այդ կամքի հետ ու ընդունում ենք այն։  Խաղաղություն, ներդաշնակություն և տրամաբանություն մեր երկրին։  

Հա, չմոռանանք նշել ամենակարևոր՝ միջանկյալ արարողության մասին՝ ընդդիմադիր մի խումբ ուժեր դիմել են ՍԴ, վիճարկում են ընտրությունների արդյունքներն ու պահանջում են չեղյալ հայտարարել դրանք։ Քաղաքական ողջախոհությունն ու պրագմատիզմը, սակայն հուշում է, որ ՍԴ-ն կայացնելու է վիճարկողների ակնկալիքները չբավարարող վճիռ ու հետընտրական կոալիցիայի անդամները դրանով պայմանավորված դուրս են գալու փողոց, մեկ-երկու բողոքի ակցիա են անելու՝ որպես հետընտրական հրդեհաշիջման ակտ։ Այն է՝ Երևանի կենտրոնական փողոցներից մեկը, արդեն հայտնի սցենարով, փակելու են մի քանի օրով, այդտեղ հարմարեցված ամբիոնից, ինչպես նկարագրում էր ընդդիմադիր առաջնորդներից մեկը՝ ինչքան պետք է՝ գոռգռալու են, կարևորը՝ ուժեղ,  «սիթի տուրեր» են անելու, արանքում սառը թեյ, ձմերուկ, պաղպաղակ են վայելելու ու համարելով, որ կատարել են իրենց հասանելիքը՝ ցրվելու են տներով։ Ընդ որում, առջևում ամառվա շոգ ամիսն է՝ հուլիսը, ամիս, որը արձակուրդ մեկնելու,  արտերկրի ծովափներում ընտրապայքարից հոգնած մարմիններն արևին տալու, լիցքաթափվելու սեզոնն է։ Հետո կգա մանդատները ԿԸՀ-ի կողմից ստանալու արարողությունը, դե իսկ օգոստոսի 2-ին էլ տեղի կունենա նորընտիր ԱԺ-ի անդրանիկ նիստը։ Սա նշանակում է՝ ընդդիմությունը մի 20 օր ժամանակ ունի որոշում կայացնելու՝ ինչ է անում, ոնց է անում, անում է, թե չի անում ու հանուն ինչի է անում ու ինչ հետևանք կամ արդյունք է ունենալու իրենց կողմից արվելիքը։ Անելու հետ կապված նրանց  որոշումը, ոնց գցում-բռնում ենք, լինելու է թանկագին մանդատները վերցնելն ու ԱԺ գնալը՝ շարունակելու 2021-ից սկսած ուլտրաընդդիմադիր աշխատանքի ցիկլը։ Այն է՝ թունդ ընդդիմադիր ելույթներ ունենալ, Ալիևի ու Էրդողանի անունները հոլովել, վարչապետ Նիկոլ Փաշինյանին ստիպել իրենց հարցերին պատասխանել կրքոտ հռետորի ոճով՝ ընդդիմադիր գործունեությունն այսպիսով համարելով  փառքով պսակված։

 

Ի դեպ, առջիկայում՝ հուլիսի 12-ին, Վարդավառն է։ Ընդդիմության սիրտը, եթե համախմբվել, փողոց դուրս գալ է ուզում, ապա կարող են համախմբվել ու նախընտրական շրջանում իշխանության վրա պահած շլանգով իրար ջրել՝ հանգցնելով իրենց ներսի հրդեհը։ Կամ էլ կարող են համախմբվել ու մեկնել Սևանա լիճ՝ թիկնալողի, բարտերֆլայի, կրոլի և այլ լողատեսակների հաղթարշար, ներողություն՝ հաղթարշավ, ավելի ճիշտ՝ մրցաշար կազմակերպելով։ Այսպիսով համ  կմարզեն իրենց մարմինը՝ պատրաստելով առաջիկա նստաշրջանի «բոյերին», համ էլ կզարգացնեն մարզային տուրիզմը՝ գոնե մի օգուտ տալով երկրին ու պետությանը։ Չնայած մեր առաջարկին  հաստատ առարկողներ կլինեն՝ թե մի հալալ ձուկ էինք ուտում, կգնան, էդ էլ կհարամեն։


Հեղինե Մանուկյան