Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից. մանրամասներ

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Կառավարությունն աջակցում է հանրապետության բոլոր մարզերում կաթի արտադրությամբ զբաղվող տնտեսավարողներին։


 

Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է ծրագրի վերաբերյալ հաճախ հնչող հարցերից մի քանիսի պատասխանները`


 

Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից։


 

Ծրագրի շահառու կարող են լինել այն տնտեսավարողները, որոնք 2026 թվականի ապրիլի 1-ի դրությամբ զբաղվել են կովի անմշակ կաթի արտադրությամբ, որոնց կենդանիները հաշվառված են «ԱՆԻ ՊԱՍ» էլեկտրոնային համակարգում և մասնակցել են պետական պատվաստման ու ախտորոշիչ միջոցառումներին և ծնվել են մինչև 2023թ դեկտեմբերի 31-ը ներառյալ։


 

Ի՞նչ չափով է տրամադրվում սուբսիդավորումը։


 

Սուբսիդավորումը տրամադրվում է շահառուի կողմից տնօրինվող կովերի 3-րդ գլխից սկսած մինչև 22-րդ գլուխը ներառյալ (առավելագույնը՝ 20 գլխի համար)՝ յուրաքանչյուր կովի հաշվով 15,000 դրամի չափով։ Դուք կարող եք ունենալ 30-50 կամ ավելի կովեր, բայց սուբսիդավորվելու եք 20 գլխի համար։


 

Ինչպե՞ս կարելի է դիմել ծրագրին։


 

Սուբսիդավորում ստանալու համար անհրաժեշտ է դիմում ներկայացնել համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարին։


 

Ի՞նչ տվյալներ պետք է նշվեն դիմումում։


 

Դիմումում անհրաժեշտ է նշել՝

• բնակության վայրը և հասցեն,

• հեռախոսահամարը,

• բանկային հաշվեհամարը,

• տնօրինվող կովերի գլխաքանակը,

• կովերի ականջապիտակների համարները։


 

Ի՞նչ փաստաթղթեր պետք է կցվեն դիմումին։


 

Անհրաժեշտ է ներկայացնել՝

Անձը հաստատող փաստաթղթի պատճենը,

Անասնաբույժի կողմից տրված գրանցամատյանից քաղվածք՝ կենդանիների՝ պատվաստման ծրագրում ընդգրկված լինելու վերաբերյալ,

Համաձայնություն՝ տեղեկատվությունը փոխանցելու վերաբերյալ։


 

Մինչև ե՞րբ է հնարավոր դիմել։


 

Դիմում-հայտերի ընդունման գործընթացը շարունակվում է մինչև հոկտեմբերի 1-ը։


 

Որտե՞ղ կարելի է ստանալ ծրագրին վերաբերող հարցերի պատասխանները։


 

Նախարարության պաշտոնական կայքէջի Ծրագրեր բաժնում(https://mineconomy.am/page/3693), կամ զանգահարելով 81-40 (լրացուցիչ 2)։


 

Մանրամասները՝ այստեղ։