ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայտարարել է, որ Հայաստանում հունիսի 7-ի ԱԺ ընտրություններն առանձնացել են ընդդիմադիր երեք ուժերի ներկայացուցիչների կողմից ընտրակաշառքների բաժանմամբ, արտաքին միջամտությամբ և իշխող ուժի նկատմամբ արտասահմանյան ապատեղեկատվական արշավով։
Այս մասին տեղեկանում ենք Ռուբեն Ռուբինյանի «Ֆեյսբուք»-ի էջում հրապարակված տեսանյութից, որում նա ԵԽԽՎ ամբիոնից անդրադառնալով Հայաստանում ընթացիկ տարվա հունիսի 7-ին անցկացված Ազգային ժողովի ընտրությունների առանձնահատկություններին, նշել է, որ դրանք առանձնահատուկ և ակնառու էին երեք պատճառներով։
«Առաջին պատճառը, տարօրինակ կերպով, երեք հիմնական ընդդիմադիր կուսակցությունների կողմից իրականացված զանգվածային և համակարգված ընտրակաշառքների բաժանման սխեման էր։ Գրեթե ամեն օր Հայաստանի համապատասխան մարմինները հրապարակում էին այս կուսակցությունների անդամների կամ ներկայացուցիչների ձայնագրությունները, որտեղ նրանք խոսում են այն մասին, թե ինչպես են գումար տալիս մարդկանց՝ նրանց ձայները ստանալու համար։
Երկրորդ առանձնահատկությունը՝ Հայաստանում իշխող կուսակցության դեմ սկսված զանգվածային ապատեղեկատվական արշավն էր։ Կրկին գրեթե ամեն օր արտասահմանյան երկրներում հրապարակվում էին որոշակի կեղծ լուրեր, որոնք այնուհետև ներմուծվում և տարածվում էին Հայաստանում այս ընդդիմադիր կուսակցությունների կողմից։
Երրորդ և հիմնական առանձնահատկությունը՝ արտաքին միջամտությունն էր Հայաստանի քաղաքականությանը և ընտրություններին։ Նույնիսկ տնտեսական միջոցառումներ են եղել արտերկրից և այս բոլորը նախատեսված էին Հայաստանի ընտրությունների արդյունքների վրա ազդելու համար։ Բարեբախտաբար, ի հեճուկս այս բոլոր ձայների գնման սխեմաների, արտաքին միջամտության և ապատեղեկատվական արշավների, Հայաստանի ժողովուրդը կատարեց հստակ ընտրություն և այդ ընտրությունը խաղաղությունն ու ժողովրդավարությունն են։ Հայաստանն ընտրեց ժողովրդավարությունը, ինչը նշանակում է, որ Հայաստանը կշարունակի իր ուղին դեպի ինստիտուցիոնալացում այն խաղաղության, որին հասել ենք՝ Ադրբեջանի, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի, ժողովրդավարական բարեփոխումների շարունակման շնորհիվ, և հուսով ենք այս կազմակերպության աջակցությամբ»,-հայտարարել է ԱԺ փոխնախագահը՝ հավելելով նաև, որ Հայաստանում կա արդարադատության պահանջ՝ պատժելու բոլոր նրանց, ովքեր համակարգել և իրականացրել են ձայների գնման սխեման։