Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը

«Սահմանադրական դատարանը քննության առարկա չի դարձրել դատավոր Սեդա Սաֆարյանի վերաբերյալ հարցը»:Այս մասին տեղեկությունը «Ազատությանը» փոխանցել են ՍԴ-ից: Այսպիսով, ուրբաթ օրը կայանալիք ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը կմասնակցի ՍԴ 9 դատավորներից 7-ը, այդ թվում՝ Սաֆարյանը: 


Սեդա Սաֆարյանի մասնակցությունն ընտրությունների վեճի քննությանը բացառելու պահանջով դիմում երեկ ՍԴ ներկայացրել էր Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը: Այս քաղաքական ուժը կարծում է, որ Սաֆարյանը «կողմնակալ է, բացասական վերաբերմունք ունի Քոչարյանի նկատմամբ, և 2021-ի ընտրություններին մասնակցում էր Արման Բաբաջանյանի հետ նույն ցուցակով: Բաբաջանյանի «Հանուն Հանրապետության» կուսակցությունն ընտրությունների արդյունքները վիճարկող յոթ ուժերից մեկն է:


Սահմանադրական դատարանի արտաքին կապերի բաժնից պարզաբանել են, որ «Սեդա Սաֆարյանի վերաբերյալ «Հայաստան» դաշինքի միջնորդությունը քննության առարկա չի դարձել, քանի որ դատավորներից որևէ մեկը այդ հարցը չի բարձրացրել: