Ռուսաստանում վառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել ավելի քան 50 մարզերում

Ռուսաստանում խորանում է վառելիքային ճգնաժամը՝ նավթային ենթակառուցվածքների վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածների ֆոնին։ Բենզինի և դիզելային վառելիքի վաճառքի սահմանափակումներ են սահմանվել նաև երկրի հիմնական նավթարդյունահանող տարածաշրջաններից մեկում՝ Խանտի-Մանսիյսկի ինքնավար մարզում։ Այս մասին հայտնում է «Говорит НеМосква»-ն։


Աղբյուրի տվյալներով՝ «Գազպրոմնեֆտ»-ի բենզալցակայաններում մեկ հաճախորդին թույլատրվում է վաճառել առավելագույնը 40 լիտր բենզին և 80 լիտր դիզելային վառելիք։ Վառելիքը տրամադրվում է միայն մեքենայի բաքի մեջ լցնելու պայմանով և կանխավճարով։


Սահմանափակումների մասին տեղեկություններ են ստացվել նաև Տյումենի մարզից։ Նմանատիպ միջոցներ են կիրառվել նաև Տոմսկի մարզի Ստրեժևոյ քաղաքում։ Քաղաքային իշխանությունների տվյալներով՝ դրանք ուղղված են այլ շրջաններ մեծ քանակությամբ վառելիքի արտահոսքը կանխելուն։


Ըստ հրապարակման՝ վառելիքի վաճառքի տարբեր սահմանափակումներ արդեն գործում են Ռուսաստանի ավելի քան 50 մարզերում։


Reuters-ի տվյալներով՝ ռուսական նավթավերամշակման գործարանների և նավթաբազաների դեմ ուկրաինական հարվածների ակտիվացումից հետո մայիսին Ռուսաստանում նավթի արդյունահանումը նվազել է մինչև տարվա ամենացածր մակարդակը։ Գործակալության տեղեկություններով՝ մայիսի վերջին հարձակումների հետևանքով երկրի կենտրոնական հատվածում գործող նավթարդյունաբերական մի շարք խոշոր օբյեկտներ ստիպված են եղել կրճատել կամ ժամանակավորապես դադարեցնել աշխատանքը։