Ֆրանսիան ռեկորդային շոգի պատճառով կասեցրել է երկու ատոմային ռեակտորների աշխատանքը

Ֆրանսիայի խոշորագույն էներգետիկ ընկերությունը՝ EDF-ը (Électricité de France), որպես նախազգուշական միջոց, ռեկորդային շոգի ֆոնին կասեցրել է երկու ատոմային ռեակտորների աշխատանքը: Այս մասին հայտնել է Channel News Asia-ն՝ հղում անելով EDF-ին:


Ընկերության տվյալներով՝ խոսքը Ֆրանսիայի հյուսիսում՝ Սեն գետի վրա գտնվող «Նոժան-սյուր-Սեն» ԱԷԿ-ի և երկրի հարավ-արևելքում՝ Լիոնի մոտակայքում, Ռոն գետի վրա գտնվող «Բյուժե» ԱԷԿ-ի ռեակտորների մասին է:


Որոշումն ընդունվել է շրջակա միջավայրի պաշտպանության նպատակով, որպեսզի խուսափեն չափից ավելի տաքացած ջրի արտահոսքից դեպի գետեր, որոնց ջերմաստիճանն անոմալ շոգի պատճառով արդեն իսկ բարձրացել է։


«Էլեկտրակայանները, որոնք կարևոր դեր են խաղում երկրի էներգամատակարարման գործում, օգտագործում են գետի ջուրը ռեակտորների սառեցման համար, որից հետո այն արդեն տաքացած վիճակում վերադարձվում է գետ», - ասված է հաղորդագրության մեջ:


Նշենք, որ մի քանի օր առաջ «Նոժան-սյուր-Սեն» ԱԷԿ-ն արդեն կրճատել էր էլեկտրաէներգիայի արտադրությունը ռեակտորներից մեկում, որպեսզի սահմանափակի Սեն գետ վերադարձվող ջրի ջերմաստիճանի բարձրացումը և դրանով իսկ նվազեցնի ազդեցությունը ջրային էկոհամակարգի վրա: