Աննախանձելի վիճակում է հայտնվել «Ուժեղ Հայաստանը»՝ բախվելով ընտրությունների արդյունքներին ու դառնալով ընտրություններում ամենաշատ քվեները ստացած ընդդիմադիր ուժը։ Փաստորեն՝ «դարդ» է ոչ միայն ընտրություններում պարտվելը՝ չդառնալով քաղաքական մեծամասնություն, այլ նաև ստացած քվեներով առաջին ընդդիմադիր ուժը լինելը, քանի որ ով ընդդիմադիր էլեկտորատի ամենաշատ քվեներն է ստացել, նա էլ պետք է դառնա փողոցային պայքարի առաջամարտիկն ու առաջնորդողը։ Համենայնդեպս ընդդիմադիր դաշտում այսպիսի ակնկալիք է ձևավորվել Սամվել Կարապետյանի նկատմամբ։ Իր ղեկավարած ուժի պարտությանը բախված, վարչապետ դառնալու՝ ինչպես ժողովուրդն է ասում՝ «մուրազը փորը մնացած» Սամվել Կարապետյանը, հիշեցնենք, քարոզարշավի ողջ ընթացքում թարս էր չափում, մեկ ու մեջ էլ նեղվում ու հեգնում էր այն լրագրողներին, ովքեր կասկածի տակ էին դնում «Ուժեղ Հայաստանի» հաղթանակը՝ չարանենգորեն հարցնելով միլիարդատիրոջը՝ ինչ է անելու, եթե չհաղթեն ընտրություններու և արդյոք ունի՞ «պլան Բ»։
Բայց հիմա եկել է ժամանակը, երբ
Կարապետյանի ուսերին է դրվում փողոցի ակտիվացման հետ կապված պատասխանատվությունը՝ այսինքն՝
Պլան բ-ի գործարկումը։ Մինչդեռ քննությունից կտրված ուժեղները հապաղում են ու փորձում
«մահանաներ» բերել, թե ինչու է ուշանում ժողովրդին
դուրս բերելը, ավելին՝ իրենց հերթին ժողովրդին են վերապահում փողոց դուրս գալու ու
պրոցես սկսելու պատասխանատվությունը։
Փողոցային պայքարը՝ դրա կազմակերպումից
մինչև արդյունքի արձանագրում՝ իշխանության հեռացում, անխոս, հեշտ գործ չէ, հաշվի առնելով
նախորդիվ տեղի ունեցած փողոցային պայքարների փորձը՝ ձախողումը։ Այդ է պատճառը, որ ընտրություններում
պարտված ուժեղները հապաղում են փողոցի հետ կապված ինչ որ պրոցես գեներացնել, որպեսզի
«չդուբլեն» իրենց պարտությունը՝ այժմ էլ պարտվելով նաև փողոցային պայքարն առաջնորդելիս։
Վերջին օրերին տարբեր ԶԼՄ-ների տաղավարներում հարցազրույցներ տվող ու իրենց ուժի պարտությունը
հիմնավորել փորձող՝ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Գոհար Մելոյանն, օրինակ, փորձում է միաժամանակ
հիմնավորել, թե ճիշտը մանդատ վերցնելն ու խորհրդարան գնալն է։ Այդ դեպքում, բնականաբար,
բարձրակրունկ, թանկարժեք կոշիկները հանել, չարոխ կամ բոթաս հագնելու, փողոցներն ընկնելու, բողոքի ակցիաներ առաջնորդելու,
կոկորդ պատռելու (և ոչ միայն կոկորդ) կարիք չի լինի։ Կգնան ԱԺ ու կուլտուրական պայմաններում ու իրենց
ձևով կպայքարեն իշխանության դեմ։ Իսկ եթե չվերցնեն մանդատները․․․․բնականաբար, ստիպված կլինեն ԱԺ-ից դուրս տանել իրենց պայքարը,
որը կենթադրի վերը նկարագրվածը՝ չարոխ ու բոթաս
հագնելը, կոկորդ և ոչ միայն կոկորդ պատռելը և այլն։ Այդ պատճառով էլ տիկին Մելոյանը շատ հստակ մեսիջ
հղեց փողոցն ակտիվացնելու ուղղությամբ իրենցից
ջանքեր ակնկալողներին, երկրորդելով իր բոսսին՝ թե՝ փողոց դուրս գալու որոշում կայացնողը
ժողովուրդը պետք է լինի, այդ դեպքում միայն իրենք կառաջնորդեն։ Խա՞յծը,
թե՞ կայծը։ ․․․․խայծը, որքան գիտենք,
կուլ են տալիս, իսկ կայծը, մեր իմանալով, կարող է հրդեհի վերածվել, եթե, իհարկե, այն
հանգցնելու փոխարեն բորբոքես, մի բան, որը,
շարունակում ենք պնդել, չեն ուզում անել ուժեղները։
Մեկ գրամ խիղճ ու բարոյականություն
ունենալու դեպքում, մինչդեռ, ուժեղները պետք է ազդարարեին ՝փողոցը գեներացնել նախ՝
չեն կարող և հետո՝ ի վիճակի չեն, քանի որ չունեն
քաղաքական ռեսուրս։ Մարդկանց ֆինանսապես շահագրգռելով, ընտրակաշառքի «խայծով» եթե կարողացան
որոշ քաղաքացիներից քվեներ կորզել, ապա դա երաշխիք չէ, որ վերջիններս փողոց են դուրս
գալու՝ պաշտպանելու ընտրակաշառքի դիմաց տված իր քվեն։ Ասել կուզենք՝ քվեարկությունը միանվագ գործողություն, ծառայության մատուցում է եղել, իսկ փողոց դուրս
գալը նոր ծառայություն է, որն իր հերթին ենթադրում
է վճարում այս անգամ էլ դրա դիմաց։ Հուսանք՝ պարզ բացատրեցինք քաղաքացիների հետ նախընտրական
առևտրի, «իրավահարաբերությունների» մեջ մտնելու նրբությունը։ և բացի այդ, փողոցը հնարավոր
չէ գեներացնել, քանի որ դա անելու համար պետք է ընտրությունների արդյունքների դեմ բողոքող ժողովուրդ, որին եթե անգամ առաջնորդ է պետք,
ապա միայն բողոքի գործողությունների մենեջմենթն իրականացնելու համար։ Հետևապես, փողոցային
պայքար սկսելը, «պլան բ-ի» իրագործումն անհնարին
է, քանի դեռ բացակայում է այդ «պլանի» գլխավոր՝
«ա»՝ սուբյեկտը՝ բողոքական ժողովուրդը։ Մելոյանի վկայակոչած «սրբազան պայքարն» էլ, ի դեպ, չէր ծավալվի, ով էլ այն առաջնորդելիս ու
հովանավորելիս լիներ՝ Գարեգին Բ-ն, թե Հռոմի պապը, եթե չլիներ բողոքական զանգվածը՝ սահմանազատման գործընթացի
դեմ բողոքող ժողովրդի մի հատվածը։ 2022-ի Դիմադրության, 2020-ի Հայրենիքի փրկության,
2018-ի թավշյա հեղափոխության, 2008-ի նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած
բողոքի գործողությունները ևս ունեին իրենց օրակարգերն ու դրանք կիսող, դրանց հավատացող
բողոքական զանգվածներ։ 2008-ի դեպքում, օրինակ, կեղծված ընտրություններն էին,
2018-ին՝ Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետի դեմ բողոքող ժողովուրդը, 2020-ի ՀՓՇ-ի օրերին՝ պատերազմում մեր պարտության դեմ բողոքող զանգվածը։ Այսօր, սակայն,
այդ զանգվածն ակտիվ չէ, քանի որ չկա բողոքի շարժառիթը, որը տրամաբանորեն «կեղծված»
ընտրությունները պետք է լինեին։ Նշանակում է՝ ժողովուրդն իր հավաքականության մեջ հաշտ
է ընտրությունների արդյունքների հետ, որքան էլ Մելոյանի ու նրա պես քաղաքական դիլետանտները
փորձեն ստվերել այդ արդյունքները, ապալեգիտիմացնել ընտրությունները՝ բորբոքելով բողոքի
խայծը, կայծը, հուրը կամ հրավառությունը։
Հեղինե Մանուկյան