Վրաստանը մտադիր չէ ԱՄՆ-ն փոխարինել Չինաստանով․ Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարություն է արել իր երկրի արտաքին քաղաքական առաջնահերթությունների վերաբերյալ:


Խորհրդարանում տարեկան հաշվետվությամբ հանդես գալիս Կոբախիձեն հայտարարել է, որ Թբիլիսին ոչ մի պարագայում մտադիր չէ ԱՄՆ-ն փոխարինել Չինաստանով և պատրաստ է Վաշինգտոնի հետ ռազմավարական գործընկերության վերականգնմանը:


Վարչապետը նշել է, որ Չինաստանի հետ համագործակցությունը չի դիտարկվում որպես այլ երկրների հետ հարաբերությունների այլընտրանք:


«Մենք ոչ մի դեպքում չենք խոսում որևէ փոխարինման մասին: Մենք պատրաստ ենք զրոյից, մաքուր էջից վերականգնել ռազմավարական գործընկերությունը ԱՄՆ-ի հետ և սպասում ենք պատասխանի», - հայտարարել է Կոբախիձեն:


Նրա խոսքով՝ Չինաստանը կարևոր գործընկեր է Վրաստանի համար, և, չնայած երկու երկրների տնտեսությունների մասշտաբների զգալի տարբերությանը, Չինաստանը հավասարազոր մոտեցում է ցուցաբերում Թբիլիսիի նկատմամբ:


Կոբախիձեն հավելել է, որ Վրաստանը առանձնահատուկ նշանակություն է տալիս Չինաստանի հետ համագործակցությանը՝ հիշեցնելով, որ Եվրոպական միության մի շարք երկրներ նույնպես ռազմավարական գործընկերություն են հաստատել Պեկինի հետ:


Վարչապետն անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հետ հարաբերություններին՝ նշելով, որ ամերիկյան նախորդ վարչակազմի աշխատանքի ժամանակաշրջանում ռազմավարական գործընկերության մեջ դադար էր առաջացել, և Վրաստանը շահագրգռված է այդ հարաբերությունների վերականգնմամբ:


«Մենք մեկնում ենք մեր ձեռքը և սպասում ենք ԱՄՆ-ի պատասխանին: Մենք օպտիմիզմով ենք նայում ռազմավարական գործընկերության վերականգնմանը», - ընդգծել է Վրաստանի վարչապետը: