Իրանն առաջարկել է հանդիպում անցկացնել ամերիկյան կողմի հետ. օրը հայտնի է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը հանդես է եկել ամերիկյան կողմի հետ հանդիպում անցկացնելու նախաձեռնությամբ: Այս մասին Սպիտակ տան ղեկավարը հայտնել է Truth Social սոցիալական ցանցում:


Նրա խոսքով՝ բանակցությունները պետք է կայանան հունիսի 30-ին Կատարի մայրաքաղաք Դոհայում:


Axios-ը, հղում անելով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներին, գրել էր, որ ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են դադարեցնել փոխադարձ հարձակումները, և երկու կողմերն էլ պլանավորում են երեքշաբթի օրը հանդիպել Կատարի մայրաքաղաքում՝ կարգավորելու համար Հորմուզի նեղուցի շուրջ ծագած վեճը: Պարբերականի տվյալներով՝ զինադադարը տևում է ընդամենը 11 օր, սակայն արդեն գտնվում է «երերուն վիճակում»՝ երկու կողմից հարվածների վերսկսման և նախագահ Թրամփի՝ պատերազմը վերսկսելու ու «գործն ավարտին հասցնելու» սպառնալիքի պատճառով:


Աղբյուրներից մեկը Axios-ին հայտնել է, որ կողմերը որոշել են դադարեցնել ռազմական գործողությունները: Ամերիկացի երկրորդ պաշտոնյան հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իրանը «առայժմ» կդադարեցնեն բանակցությունները, և որ «նավերը կարող են ազատ տեղաշարժվել», քանի որ տեխնիկական բանակցությունները պետք է շարունակվեն: Այլ աղբյուրներ հաստատել են պլանավորված հանդիպումը:


Հունիսի 28-ին Bloomberg-ը գրել էր, որ Վաշինգտոնն ու Թեհրանը վերսկսել են փոխադարձ հարվածները՝ վտանգի տակ դնելով կնքված զինադադարը: Պենտագոնի տվյալներով՝ ամերիկյան ավիացիան հարվածել է Իրանի տարածքում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետախուզական ենթակառուցվածքների օբյեկտներին և ՀՕՊ համակարգերին: Ի պատասխան՝ Թեհրանը հրթիռների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ հարձակվել է տարածաշրջանում ԱՄՆ ութ առանցքային ռազմական օբյեկտների վրա, ներառյալ՝ Քուվեյթում գտնվող «Ալի Ալ-Սալեմ» ավիաբազան և Բահրեյնում գտնվող Հնգերորդ նավատորմի բազան:


Հունիսի 26-ին Թրամփը Իրանին մեղադրել էր Հորմուզի նեղուցով անցնող նավերի վրա հարձակումներ գործելու մեջ: