Իրանում առայժմ չեն պլանավորում մոտ ժամանակներս որևէ մակարդակով բանակցություններ անցկացնել ԱՄՆ-ի հետ:
Ինչպես հաղորդում է Tasnim գործակալությանը, այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Էսմայիլ Բաղային:
«Իրանի փորձագիտական պատվիրակությունը կմեկնի Դոհա՝ համաձայնագրերի կատարումը մոնիտորինգի ենթարկելու համար»,- նշել է նա՝ հավելելով, որ նախնական գործարքի 10-րդ կետի (նավթի վաճառք) շրջանակներում ԱՄՆ-ի ստանձնած պարտավորությունների մասով Վաշինգտոնը տվել է անհրաժեշտ թույլտվությունները:
Բաղայիի խոսքով՝ 11-րդ կետի (իրանական ակտիվների ապասառեցում) կատարումը նույնպես գտնվում է մոնիտորինգի փուլում:
«Մենք դեռևս չենք սկսել բանակցությունները վերջնական համաձայնագրի շուրջ: Հուշագրի 13-րդ կետի համաձայն՝ վերջնական համաձայնագրի շուրջ բանակցությունների սկիզբը կախված է 1-ին, 4-րդ, 5-րդ, 10-րդ և 11-րդ կետերի կատարման մեկնարկից և իրականացման շարունակականությունից»,- հստակեցրել է ԱԳՆ ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ հուշագրի առաջին կետը ներառում է բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, պատերազմի անհապաղ և վերջնական դադարեցումը: Չորրորդ կետը վերաբերում է ԱՄՆ-ի կողմից ծովային շրջափակման վերացմանը, Իրանի դեմ ցանկացած միջամտության կանխմանը և 30 օրվա ընթացքում նավերի տեղաշարժի ամբողջական վերականգնմանը:
Հինգերորդ կետի համաձայն՝ Իրանը պետք է 30 օրվա ընթացքում ապահովի Պարսից և Օմանի ծոցերում առևտրային նավերի տեղաշարժի վերականգնումը նախապատերազմյան ծավալով: Տասներորդ կետում արտացոլված է, որ մինչև պատժամիջոցների չեղարկման ամսաթիվը ԱՄՆ ֆինանսների նախարարությունը բացառություններ կտրամադրի իրանական հում նավթի, նավթաքիմիական արտադրանքի և դրա ածանցյալների արտահանման, ինչպես նաև բանկային, ապահովագրական, տրանսպորտային և դրանց հետ կապված բոլոր ծառայությունների համար:
11-րդ կետի համաձայն՝ ԱՄՆ-ն պարտավորություն է ստանձնում, որ Իրանի սառեցված կամ օգտագործման մեջ սահմանափակված միջոցներն ու ակտիվները կապասառեցվեն և ամբողջությամբ հասանելի կդառնան: