Թուրքիան կարող է իր C-400-ները վաճառել Հրվ. Կորեային, ոչ թե վերադարձնել Ռուսաստանին

Թուրքիան դիտարկում է Հարավային Կորեային C-400 զենիթա-հրթիռային համակարգեր վաճառելու հնարավորությունը՝ հանուն ամերիկյան F-35 կործանիչների մատակարարման, հաղորդում է Euroactiv-ը՝ հղում անելով աղբյուրներին։


Ավելի վաղ Bloomberg-ը գրել էր, որ Թուրքիան քննարկում է համակարգերը Ռուսաստանին վերադարձնելու հարցը։ Կրեմլը հերքել էր այդ լուրը։


«F-35-ի վաճառքի վերաբերյալ որոշում դեռևս չի կայացվել»,- նշել է Euroactiv-ի աղբյուրը։ Աղբյուրի խոսքով՝ F-35-երի մատակարարման հարցում «ցանկացած առաջընթաց», հավանաբար, կախված է C-400 ՀՕՊ համակարգերը երրորդ երկրի վաճառելու Թուրքիայի համաձայնությունից՝ դրանք Ռուսաստանին փոխանցելու փոխարեն։ Հարավային Կորեան նշվում է որպես հնարավոր տարբերակներից մեկը։


Միևնույն ժամանակ, պարբերականի աղբյուրը հաստատել է, որ ԱՄՆ-ն, հավանաբար, Թուրքիային կվաճառի ամերիկյան շարժիչներ հինգերորդ սերնդի KAAN կործանիչների համար, որոնք մշակվում են Թուրքիայում: Ավելի վաղ 700 միլիոն դոլարի համապատասխան գործարքը հավանության արժանացնելու ԱՄՆ նախագահ Թրամփի վարչակազմի մտադրության մասին գրել էր Reuters-ը: