Ադրբեջանում արգելում են մինչև 16 տարեկան երեխաներին սոցցանցերում հաշիվներ բացել

Ադրբեջանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ հաստատել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում, ինչպես նաև «Տեղեկատվության, տեղեկատվայնացման և տեղեկատվության պաշտպանության մասին» ու «Երեխաներին վնասակար տեղեկատվությունից պաշտպանելու մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը:


Փաստաթուղթը մշակվել է թվային միջավայրում երեխաների իրավունքների և շահերի առավել արդյունավետ պաշտպանության, սոցիալական ցանցերի անվտանգ օգտագործման ապահովման, ինչպես նաև համապատասխան հարթակների գործունեության իրավական կարգավորման կատարելագործման նպատակով:


Օրինագծի պատրաստման ընթացքում ուսումնասիրվել է առաջավոր միջազգային փորձը: Փաստաթղթի համաձայն՝ սոցիալական ցանցերում անձնական հաշիվներ (ակաունտներ) բացելու համար թվային հասունության նվազագույն տարիքը սահմանվել է 16 տարեկանը:


Օրինագծի համաձայն՝ 16-ից 18 տարեկան դեռահասները կկարողանան անձնական հաշիվներ ստեղծել սոցիալական ցանցերում, օգտվել դրանցից և բովանդակություն (կոնտենտ) հրապարակել միայն իրենց օրինական ներկայացուցիչների համաձայնությամբ և վերահսկողությամբ:


Բացի այդ, փաստաթուղթը սահմանում է սոցիալական հարթակների պրովայդերների պարտականությունները՝ երեխաների անվտանգության ապահովման, վնասակար բովանդակության տարածման կանխարգելման, անձնական տվյալների պաշտպանության, վտանգավոր տեղեկատվության օպերատիվ հեռացման և պետական մարմինների հետ փոխգործակցության ուղղությամբ: Օրինագիծը նախատեսում է նաև նոր հոդվածների ներառում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում:


Անցումային դրույթներով նախատեսվում է օրենքի ուժի մեջ մտնելուց հետո սոցիալական հարթակներին որոշակի ժամկետ տրամադրել՝ իրենց գործունեությունը նոր պահանջներին համապատասխանեցնելու համար:


Ակնկալվում է, որ օրենքի ընդունումը կնպաստի թվային միջավայրում երեխաների իրավունքների պաշտպանության ուժեղացմանը, անվտանգ տեղեկատվական տարածքի ձևավորմանը, սոցիալական հարթակների գործունեության կարգավորման իրավական մեխանիզմների կատարելագործմանը և պետական վերահսկողության հնարավորությունների ընդլայնմանը: