Կալուգացին ոչ մի «գաղտնի պլան» էլ չունի, բլեֆ է անում

ՍԴ-ն մերժելու է ընտրությունների արդյունքները վիճարկող քաղաքական ուժերի դիմումը, քանի որ ընտրությունները տեղի են ունեցել Սահմանադրության ու օրենքների պահպանմամբ, արդար, ազատ և թափանցիկ։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անուշ Քլոյանը։ Նրա կարծիքով՝ ՍԴ դիմելու ընդդիմության որոշումը ձևացնելն է, թե  համաձայն չեն արդյունքների հետ, բայց վերջում, ինչպես միշտ, վերցնելու են մանդատներն ու գալու են խորհրդարան՝ աշխատելու։


Անուշ Քլոյանը վատատես է նոր խորհրդարանում հայտնված  ընդդիմության որակի հարցում, կարծում է՝ նոր խորհրդարանում ականատես չենք լինելու կառուցողական քննադատության, սրտացավ, պետականամետ հայտարարությունների։


«Այս խորհրդարանը, ցավոք սրտի, ավելի վատն է լինելու, քան նախորդը՝ ընդդիմության վարքագծի առումով»,- նշում է պատգամավորը։ Նա ափսոսանք հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանին ու նրա ղեկավարած դաշինքին, ՌԴ-ից ՀՀ գործուղված ու հայաստանյան իրականության հետ կապ չունեցող Սամվել Կարապետյանին այդքան թվով մարդիկ ընտրեցին։ Նրանց մոտ 70 տոկոսը, ըստ Քլոյանի, գայթակղվել է սին խոստումներով, ընտրակաշառքով, հավատացել 300 հազար ադրբեջանցիների վերադարձի մասին հորինվածքին։ 


Անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանի՝ երեկ արած հայտարարությանը, թե՝ ընդդիմության հետ քննարկում են, ունեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու «գաղտնի պլան», Քլոյանն արձագանքեց՝ այն, ինչ անում ու հայտարարում է ընդդիմությունը, մասնավորապես նաև Սամվել Կարապետյանը, պարզապես ծիծաղելի է, զավեշտ։ «Ես կարծում եմ, որ ոչ մի պլան էլ չունեն, դա կեղծիք է, բլեֆ»,- նշեց մեր զրուցակիցն ու հավելեց՝ «պլան»-ի, այն էլ՝ «գաղտնի»,  մասին հայտարարությունը նպատակ ունի իրենց ընտրած քաղաքացիների մոտ ակնկալիք ձևավորել, թե ընդդիմադիր կուլիսներում ձեռքները ծալած նստած չեն, ինչ-որ պրոցես են հասունացնում։ Ինչպես որ ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի մասին կեղծիքը շահարկելով կարողացան հավատացնել հանրությանն ու իրենց ընտրել տալ,  այնպես էլ այս նոր բլեֆով են փորձում որոշ  ժամանակով «կերակրել» հանրությանն ու իրենց կողքը պահել։   


Զրույցի մանրամասները՝ տեսանյութում։