Նիկոլ Փաշինյանին հեռացնելու «պլան ա»-ն «ոտքին գցած»՝ իշխանությունը վերցնել չկարողացած «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանը, որը, հիշեցնենք, հայտարարում էր, թե «պլան բ»-ն պետք է իրականացնի ժողովուրդը, երեկ հայտարարել է՝ ընդդիմադիրների հետ քննարկում են Փաշինյանին հեռացնելու «գաղտնի պլան»։ Կոնսպիրա՞ցիա։ «Մենք Փաշինյանին հեռացնելու մեր գաղտնի պլանն ունենք»,- խրոխտ ազդարարել է ընդդիմադիրի «մուդի» մեջ մտած՝ մերօրյա Ջեյմս Բոնդ, ագենտ 007 Սամվել Կարապետյանը՝ձեռնպահ մնալով լուսավորել ներկաներին՝ ինչ պլանի մասին է խոսքը։ «Հոմ չե՞մ բացելու»,- ասել է միլիարդատերն ու միաժամանակ շեշտել՝ այդ պլանը շատ կոնկրետ է։ Իսկ թե այդ «կոնկրետ», այն էլ՝ «գաղտնի պլանն» ինչ է իրենից ենթադրում, քանի՞ փուլանի ծրագիր է, ե՞րբ է այն գործի դրվելու՝ մնում է, բնականաբար, հույժ գաղտնի։ Փաստորեն, Շիրազը գաղտնի էր պահում իր սերն ու յարին, Սամվել Կարապետյանն էլ որոշել է գաղտնի պահել հակակառավարական իրենց պլանը՝ ճիշտ շիրազյան ոճով՝ «պլանս գաղտնի թող մնա, պլանս․․․ պես, ճամփեն պիտի չիմանա, թե ուր կերթամ ես»։
Պլան ասացինք, հիշեցինք՝ նախորդ տարի այս օրերին էլ իրավապահները բացահայտեցին
մեկ այլ «գաղտնի պլան», որը ներկայացնում էր
Հայաստանում հեղաշրջում իրականացնելու
ընդդիմության ծրագիրը։ «Հեղաշրջման այդ գաղտնի» պլանը նախատեսում էր Նիկոլ Փաշինյանին
հեռացնելու 8-փուլանոց ծրագիր։ Այդ գործի շրջանակներում, հիշեցնենք, կալանավորվեցին
մեկ տարի առաջ տեղի ունեցած՝ «սրբազան շարժում» «պլանի» միջոցով Նիկոլ Փաշինյանին հեռացնել
փորձած Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ինչպես
նաև մի շարք այլ անձինք։ «Պլան բ», ավելին՝ «գ», «դ» ունենալու մասին էր խոսում Նիկոլ
Փաշինյանի հեռացման օրակարգով 2020-ին սկսված «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի
թեկնածու Վազգեն Մանուկյանը։ «Պլան «ա»-ն իրեն շատ լավ արդարացնում է, որովհետև ՀՀ-ում
գրեթե պետական կառույց, մարդ չի մնացել, որ չի պահանջում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Իսկ պլան «բ»-ն դա ոչ թե դու ես իրականացնում, այլ՝ ժողովուրդը։ Բախում է տեղի ունենում,
ինչ-որ անհամաձայնություն է տեղի ունենում, ինքն իրեն բռնկվում է»,- «պլան բ»-ի մասին
խոսելիս՝ այսպես էր այն նկարագրել Մանուկյանը։ Թե ինչ տեղի ունեցավ Մանուկյանի ու նրան
մեյդան հանածների պլանը՝ «ա»-ից մինչեւ «բ», «գ», «դ», ․․․․ «ց», «ու», «փ», «ք», «եւ», «օ», «ֆ»՝ հայտնի է բոլորին։
Դառնալով բացահայտված՝ «Հեղաշրջման գաղտնի
պլան»-ին՝ նկատենք՝ դրանում կար առանձին
բաժին՝ «Մարդկային ռեսուրս» անվանումով, որտեղ հրապարակված էին անուններ, այդ թվում՝
Սամվել Կարապետյանի անունը կար, անվան դիմաց
էլ նշված էր կոնկրետ մարդկանց թվաքանակ, որը պետք է ենթադրաբար ապահովվեր՝ հեղաշրջման
պլանը գլուխ բերելու համար։ Մասնավորապես Սամվել Կարապետյանի վրա դրված էր 5-8 հազար
մարդ բերելու պլան, մեկ այլ՝ ֆիգուրի՝ Գագիկ Ծառուկյանի
անվան դիմաց էլ 15-20 հազար մարդ էր գրված։
Ենթադրում
ենք, որ Սամվել Կարապետյանի ասած գաղտնի պլանն իրականում բլեֆ է, այն գաղտնի է բնորոշվում,
քանի որ որպես այդպիսին՝ գոյություն չունի։ Կան ընդդիմադիր մի քանի ուժերի ու Սամվել
Կարապետյանի միջև ինչ-որ քննարկումներ, որոնք, սակայն, շատ հեռու են գործողության,
ուր մնաց թե՝ «պլան»-ի վերածվելուց։ Ենթադրում ենք՝ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վիճարկման
առնչությամբ ՍԴ-ի վճռից հետո ուժեղներն ու մի քանի ընդդիմադիր ուժեր մի հանրահավաքանման
միջոցառում կկազմակերպեն, բոլորով միասին մի քանի հազար մարդ կհավաքեն հրապարակներից
մեկում, կասեն-կխոսեն, կլիցքաթափվեն, հետո երթ-բան կանեն, կցրվեն տներով՝ պատրաստվելու
հանգստյան տներ մեկնելուն։ Հաշվի առնելով Սամվել Կարապետյանի վերլուծական կարողությունները՝
ենթադրում ենք, որ նրա ասած «գաղտնի պլան»-ը ոչ թե Նիկոլ Փաշինյանի հեռացմանն է
վերաբերում, քանի որ այդ օրակարգով բոլոր պլանները, փորձը ցույց է տալիս, դատապարտված
են ձախողման, այլ վերաբերում է մանդատներին։ Ասել կուզի՝ որոշել են վերցնել մանդատները,
գնալ ԱԺ-ում ընդդիմություն աշխատելու, պարզապես առայժմ գաղտնի են պահում, որ որոշ ռադիկալ,
անզիջում ընդդիմադիրների տրամադրությունը չընկնի։
Հեղինե Մանուկյան