Վրաստանը հանդես է գալիս ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության վերականգնման օգտին՝ հիմնված ճանապարհային քարտեզի վրա, որը սահմանում է ընդհանուր առաջնահերթությունները և համագործակցության կոնկրետ մեխանիզմները:
Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ ԱՄՆ դեսպանատան կողմից կազմակերպված պաշտոնական ընդունելության ժամանակ ունեցած ելույթում:
Նա նշել է, որ երկար տարիներ Վրաստանը եղել է ԱՄՆ-ի հավատարիմ, հուսալի ու պատասխանատու գործընկերը և հետևողականորեն համագործակցել է Վաշինգտոնի հետ տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ:
«Երբ Միացյալ Նահանգներին անհրաժեշտ էր Վրաստանի աջակցությունը իր ռազմավարական առաջնահերթությունների իրականացման համար, մեր երկիրը միշտ արձագանքել է այդ մարտահրավերին՝ որպես հուսալի գործընկեր»,- ընդգծել է Կոբախիձեն:
Նրա խոսքով՝ վերջին աշխարհաքաղաքական գործընթացները էլ ավելի են մեծացրել Հարավային Կովկասի ռազմավարական նշանակությունը ինչպես տարածաշրջանային, այնպես էլ գլոբալ մակարդակում, և այս պայմաններում Վրաստանի դերը ձեռք է բերում առանձնահատուկ կարևորություն:
Վարչապետը նշել է, որ ներկայիս աշխարհաքաղաքական փոփոխությունների ֆոնին երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդումը բխում է երկու կողմերի շահերից:
«Չնայած վերջին տարիներին առաջացած դժվարություններին, մենք կարծում ենք, որ ժամանակն է վերականգնել մեր ռազմավարական գործընկերությունը կոնկրետ ճանապարհային քարտեզի միջոցով, որը կսահմանի ընդհանուր առաջնահերթությունները, համագործակցության գործնական մեխանիզմները և հստակ ռազմավարական նպատակները: Վրաստանն առաջարկում է ռազմավարական գործընկերություն՝ հիմնված փոխադարձ հարգանքի, արդարության և համագործակցության հստակ շրջանակների վրա»: