Կառավարությունը հուլիսին շուրջ 4.1 մլրդ դրամ կհատկացնի մրգի, գինու և կոնյակի արտահանման աջակցությանը

ՀՀ կառավարությունը հուլիս ամսվա համար շուրջ 4 մլրդ 99 մլն դրամ աջակցություն կտրամադրի ՀՀ տարածքից թարմ պտղի, շշալցված խաղողի գինու, բրենդիի (կոնյակի) և հանքային ջրի արտահանման համար։ Այդ մասին համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։ 


Կառավարությունից նշում են, որ արտահանող տնտեսավարողների կանխատեսումների համաձայն՝ 2026 թ. հուլիս ամսվա ընթացքում միջոցառման շրջանակում արտահանման կանխատեսվող ծավալները կկազմեն շուրջ 13 հազար տոննա պտուղ, շուրջ 1․4 մլն լիտր հանքային ջուր, շուրջ 200 հազար լիտր շշալցված գինի, շուրջ 250 հազար լիտր պտղահատապտղային գինի, 500 հազար բացարձակ լիտր կոնյակ, 70 տոննա չորացված միրգ և բանջարեղեն, 140 տոննա իշխան և թառափ տեսակի ձուկ։


Այսպիսով, ՀՀ տարածքից 2026 թ. հուլիս ամսվա ընթացքում արտահանված թարմ պտղի և սննդամթերքի ու խմիչքների առանձին տեսակներ արտահանող տնտեսավարողներին կտրամադրվի փոխհատուցում հետևյալ չափերով՝ 


  • ծիրանի յուրաքանչյուր 1 կգ համար` 200 դրամ
  • սալորի, դեղձի և նեկտարինի յուրաքանչյուր 1 կգ համար` 250 դրամ
  • կեռասի յուրաքանչյուր 1 կգ համար` 400 դրամ
  • շշալցված խաղողի գինու յուրաքանչյուր 1 լիտրի համար` 350 դրամ
  • շշալցված պտղահատապտղային գինու յուրաքանչյուր 1 լիտրի համար` 200 դրամ
  • շշալցված կոնյակի յուրաքանչյուր 1 բացարձակ լիտրի համար` 830 դրամ
  • շշալցված հանքային ջրի յուրաքանչյուր 1 լիտրի համար` 150 դրամ
  • չորացրած մրգի և բանջարեղենի յուրաքանչյուր 1 կգ համար` 250 դրամ
  • իշխան տեսակի ձկան յուրաքանչյուր 1 կգ համար` 820 դրամ
  • թառափ տեսակի ձկան յուրաքանչյուր 1 կգ համար` 1350 դրամ։ 


2026 թ. հունիս ամսին ՍԱՏՄ տրամադրված օպերատիվ տեղեկատվության համաձայն` արտահանվել է շուրջ 2948 տոննա ծիրան, 1402 տոննա կեռաս, 1 տոննա սալոր։