Այսօր սկսվում է Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությունը. Մասնակցում է նաև ՀՀ վարչապետը

Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությունը, որը սպանվել է փետրվարի 28-ին՝ իսրայելա-ամերիկյան ռազմական գործողության առաջին օրը, նախատեսվում է սկսել այսօր՝ ուրբաթ։


Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմաիլ Բաղաին հայտնել է, որ արարողությանը սպասվում է քաղաքական և հասարակական գործիչների, պետությունների ղեկավարների և մի շարք երկրների բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցություն։


Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մեկնել է Թեհրան՝ մասնակցելու Իրանի հոգևոր  առաջնորդի հրաժեշտի արարողությանը:


Իրանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հոգևոր առաջնորդի հրաժեշտի արարողությունը կտևի հուլիսի 3-ից 9-ը: Արարողությունը կսկսվի Թեհրանում՝ սգո արարողությամբ, որին կմասնակցեն արտասահմանյան պատվիրակություններ: Հաջորդ օրը Խամենեիի մարմինը կդրվի Մոսալլա խոշոր կրոնական համալիրում, որը գտնվում է Թեհրանի արևելքում, և որտեղ յուրաքանչյուր իրանցի կկարողանա հրաժեշտ տալ հոգևոր առաջնորդին:


Հուլիսի 6-ին Թեհրանում սպասվում է նաև սգո երթ, որից հետո հուլիսի 7-ին մարմինը կտեղափոխվի Կում քաղաք, որը շիա հոգևորականների կողմից համարվում է սրբազան։


Ի սկզբանե նախատեսված էր հուղարկավորությունը անցկացնել մարտ ամսին, սակայն վերջին պահին Իրանի իշխանությունները որոշել են հետաձգել միջոցառումը՝ դա բացատրելով նրան հրաժեշտ տալ ցանկացողների մեծ թվով։