ՆԱՏՕ-ն Անկարայի գագաթնաժողովում Ուկրաինային կխոստանա 10 մլրդ եվրո՝ ակնկալվող 60 մլրդ-ի փոխարեն. AFP

ՆԱՏՕ-ի առաջնորդները Անկարայի գագաթնաժողովում Ուկրաինային կխոստանան 10 միլիարդ եվրոյի նոր գումար՝ նախկինում ակնկալվող 60 միլիարդ եվրոյի փոխարեն՝ հակամարտությունը մինչև 2027 թվականի վերջ շարունակելու համար: Այս մասին հայտնել է Agence France-Presse (AFP) գործակալությունը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։


«ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրները և Կանադան Անկարայի գագաթնաժողովում պայմանավորվել են 2026 և 2027 թվականների ընթացքում Ուկրաինային տրամադրել 70 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն: Այս գումարը կներառի այն 60 միլիարդ եվրոն, որը ԵՄ-ն արդեն խոստացել է տրամադրել Կիևին 2026 և 2027 թվականներին (Ուկրաինայի ֆինանսավորման 90 միլիարդ եվրոյի ծրագրի շրջանակներում — խմբ.)»,— հայտնել է գործակալությունը:


ԱՄՆ-ը նախկինում հայտարարել էր, որ չի պլանավորում գումար հատկացնել Ուկրաինայի ֆինանսավորման համար, սակայն պատրաստ է զենք վաճառել, որի դիմաց կվճարեն ՆԱՏՕ-ի մնացած երկրները:


Իր հերթին, Reuters գործակալությունն այս թեմայով իր հրապարակման մեջ պարզապես նշել է, որ ՆԱՏՕ-ի երկրների դեսպանները համաձայնեցրել են գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրի տեքստը, որտեղ խոսվում է «2026-2027 թվականների համար Կիևին 70 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն հատկացնելու մասին»՝ առանց հստակեցնելու այդ գումարի կազմը:


2026-2027 թվականների համար ԵՄ-ի կողմից Ուկրաինայի ռազմական ֆինանսավորման 90 միլիարդ եվրոյի ծրագիրը համաձայնեցվել էր 2025 թվականի դեկտեմբերին: Այս գումարից 30 միլիարդ եվրոն նախատեսված է Կիևի բյուջետային կարիքները հոգալու համար, իսկ 60 միլիարդ եվրոն՝ ռազմական ծախսերի: Այս միջոցներից Ուկրաինային արդեն վճարվել է 3,2 միլիարդ եվրո՝ բյուջետային կարիքների համար, և 3,9 միլիարդ եվրո՝ անօդաչու թռչող սարքերի (դրոնների) համար: