Թուրքական Սիվաս և Թոքաթ տարածաշրջաններում տիզի խայթոցի հետևանքով 6 բնակիչ է մահացել։ Այս մասին հայտնում է Haber Global-ը։
Նշվում է, որ Թոքաթ նահանգի Արթովա շրջանի Փոյրազալան գյուղում անասնապահությամբ զբաղվող 60-ամյա Ա.Ք.-ն բարձր ջերմության գանգատներով դիմել է տեղի հիվանդանոց: Սակայն նրա բուժումը դրական արդյունք չի տվել: Նրան տեղափոխել են Սիվասի հիվանդանոց, որտեղ նրա մոտ ախտորոշվել է Ղրիմ-Կոնգոյի հեմորագիկ տենդ (ՂԿՀՏ): Չնայած բժշկական միջամտություններին՝ Ա.Ք.-ն մահացել է:
Համաձայն տեղեկատվության՝ նա ինքնուրույն է հեռացրել մարմնին կպած տիզը: Հենց այդ պատճառով էլ բարդություններն այդքան ծանր են եղել:
Առկա տվյալներով՝ Սիվասում այս տարի տիզի խայթոցից մահացածների թիվը հասել է 6-ի: Իրավասու մարմինները նախազգուշացնում են մահացու վտանգավոր տիզերի և ՂԿՀՏ վիրուսի նկատմամբ զգոնություն ցուցաբերելու անհրաժեշտության մասին: