12 մլն 588 հազար դրամ՝ ամանորյա կորպորատիվի, 4 մլն 840 հազար դրամ՝ ջահերով երթի համար. ՀՅԴ ծախսերը

ՀՅԴ-ն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2025 թվականի տարեկան հաշվետվությունը։ Կուսակցության դրամական մուտքերը կազմել են 143 մլն 461 հազար 310 դրամ։ Կուսակցությունը օրենքով սահմանված կարգով պետական ֆինանսավորում ստացել է 127 մլն 900 հազար դրամ, մասնավորապես պետական ընդհանուր ֆինանսավորումը կազմել է  111 մլն 577 հազար 820 դրամ, պետական նպատակային ֆինանսավորումը՝ 16 հազար 322 հազար դրամ։ Հաշվետվության նվիրատվությունների բաժնում նշված է, որ կուսակցությունը ստացել է 9 մլն և 9 մլն 941 հազար դրամ։  Բնեղենով նվիրատվությունները կազմել են 941 հազար դրամ։ Անդամավճարները կազմել են 3 մլն 10 հազար դրամ, անշարժ գույքի կառավարումից գոյացած մուտքերը կազմել են 2 մլն 610 հազար դրամ։ Կուսակցության ընդհանուր ելքերը հաշվետու տարում կազմել են 175 մլն 90 հազար 995 դրամ։ Հաշվետվության մեջ ներկայացված «Այլ ելքերի բացվածք»-ում նշված է, որ կուսակցությունը գաղափարախոսական և քարոզչական նյութերի պատրաստման, տարածման վրա ծախսել է  21 մլն 109 հազար 750 դրամ, նախորդ տարի Վաղարշապատում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների վրա՝  5 մլն դրամ։ Պատգամավորների կողմից զինվորների այցի նպատակով կուսակցությունը ծախսել է ավելի քան 988 հազար դրամ, ջահերով ամենամյա երթի շապիկների տպագրության, կանթեղների նպատակով՝ 4 մլն 840 հազար 500 դրամ։ Երիտասարդական բանակումների  սննդի, շապիկների և այլ նպատակներով ծախսը կազմել է 16 մլն 513 հազար 641դրամ։ Կուսակցության ամանորյա կորպորատիվ միջոցառման նպատակով ծախսը կազմել է 12 մլն 588 հազար դրամ, ժողովների կազմակերպման նպատակով ծախսը՝  18 մլն 104 հազար 338 դրամ։ Ընդամենը՝ 115 մլն 190 հազար 352 դրամ։ Հաշվետվության մեջ ներկայացված են նաև 18 նվիրատուների անունները։ Մասնավորապես ԱԺ պատգամավորներ  Արթուր Խաչատրյանը, Քրիստինե Վարդանյանը, Գեղամ Մանուկյանը, Իշխան Սաղաթելյանը, Լիլիթ Գալստյանը, Աշոտ Սիմոնյանը 500-հազարական  դրամ են նվիրաբերել։ Կուսակցության անդամավճարներն էլ կազմել են 3 մլն 10 հազար դրամ։


Տպավորիչ է կուսակցության անշարժ գույքի մասին տեղեկանքը՝ 72 անշարժ գույք, մասնավորապես հասարակական նշանակության շինություններ, հողամասեր, բազմաբնակարան շենքերի ոչ բնակելի տարածքներ։ Կուսակցությունը 2025-ին մեկ անշարժ գույք է օտարել՝ 1 մլն դրամով։ Որպես շարժական գույք՝ հաշվետվության մեջ նշված է «Տոյոտա Կորոլլա 1,8», որը գնվել է 2022-ին
5 մլն 170 հազար 814 դրամով։


ՀՅԴ-ն, նշենք, 2021 թ ընտրությունների արդյունքում ուներ 29 մանդատ։ 2026-ի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքում ստացավ 144 հազար 983 քվե, ունի 12 մանդատ։