2026 թ. հունիսի 7-ին մեր ժողովուրդը եւս մեկ անգամ ապացուցեց ինքնիշխան, ազատ ու ժողովրդավարական պետություն ունենալու իր հստակ կամքը. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ: 


Ուղերձում մասնավորապես ասվում է.


 

«Սիրելի՛ հայրենակիցներ,


 

Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրը:


 

Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է, ժողովրդի կամքի բարձրագույն իրավական արտահայտությունը և այն արժեքային հիմքը, որի վրա կառուցվում են ազատությունը, ժողովրդավարությունը, արդարությունն ու իրավունքի գերակայությունը:


 

Անկախ և ինքնիշխան պետության զարգացման ճանապարհին ուժեղ պետականությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ պետական ինստիտուտները գործում են Սահմանադրության ոգուն ու տառին համահունչ, իսկ հանրային ու քաղաքական գործընթացների հիմքում դրված են օրինականությունը, փոխադարձ հարգանքը և ժողովրդավարական արժեքների նկատմամբ անշեղ հավատարմությունը:


 

2026 թվականի հունիսի 7-ին մեր ժողովուրդը եւս մեկ անգամ ապացուցեց ինքնիշխան, ազատ ու ժողովրդավարական պետություն ունենալու իր հստակ կամքը` օժտելով մեր քաղաքական թիմին այդ հանձնառությունն իրագործելու մանդատով:

 


Սիրելի՛ հայրենակիցներ,


 

շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա առթիվ՝ մաղթելով բարեկեցություն և նոր հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության ու մեր ժողովրդի»: