Եթե վստահ լիներ, որ վարչապետ է դառնալու, կպատռեր ՌԴ-ի ու Կիպրոսի անձնագրերը. Բլեյան

«Հանուն Հանրապետության» կուսակցության արտաքին գործերի քարտուղար Առնոլդ Բլեյանի կարծիքով՝  չպետք է թույլատրել, որ խորհրդարան անցած ընդդիմությունը փողոցային պայքար մղի: «Վերցրել են մանդատ՝ թող գնան պայքարեն Ազգային ժողովում։ Իրենք շատ ավելի վատն են լինելու, քան նախորդները։ Եթե կեղծվել են ընտրությունները՝ հրաժարվիր մանդատներից։ Վրացական օրինակն են բերում. եղբա՛յր, իրենք արեցին, դիրքորոշում ցույց տվեցին ու ապացուցեցին, որ սկզբունքային ընդդիմություն են։ Վրաստանի ընդդիմադիր հատվածը սկզբունքային էր, իհարկե իրենց էլ կարող են մեղադրել, որ չհամախմբվեցին, բայց այնուամենայնիվ սկզբունքային էին։ Թող Նարեկ Կարապետյանն ու մնացածներն էլ այդ սկզբունքայնությունը ցուցաբերեն, բայց իհարկե չեն անի»,- Civic.am-ի տաղավարում ասաց նա։


Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ եթե Սամվել Կարապետյանը վստահ լիներ, որ վարչապետ է դառնալու, ապա ինչպես Ռուբեն Վարդանյանը՝ կպատռեր Կիպրոսի ու ՌԴ-ի անձնագրերը: «Ոչ թե Վարդևանյանի հույսին կմնար ու հիմա էլ կասեր՝ հերիք է ինձ այդ հարցերը տաք, ժամանակը կգա՝ կհրաժարվեմ։ Չի հրաժարվելու, հակառակը՝ ինչ-որ պահի գուցե ստիպված լինի  դիմել ՄԻԵԴ՝ Կիպրոսի անձնագրով»,- նկատեց նա։


 Բլեյանի խոսքով՝ եթե նախկին խորհրդարանում ընդդիմադիր խմբակցությունները ունեին որոշակի տարաձայնություններ, ապա այժմ «Ուժեղ Հայաստան» ու «Հայաստան» դաշինքները գործելու են սինխրոն։


Նրա  խոսքով՝ Մոսկվան հիմիկվանից սպասում է Երևանի քաղաքի, 2031 թվականի խորհրդարանական ընտրություններին: «Դրա համար եմ ասում, որ պրոռուսական ուժերը պետք է դուրս մղվեն քաղաքական դաշտից։ Ամենալավ տարբերակը դա է։ Այո՛, դա իրենց շանսն էր օրինական ճանապարհով գալու իշխանության։ 2021-ին, 2026-ին տվեցինք ձեզ այդ հնարավորությունը՝ հերիք եղավ։ Մեր ժողովուրդն էլ նյարդեր ունի, հիմա արդեն զբաղվեք ձեր Ղրիմով։ Ձմեռ է  գալիս՝ հոսանքազրկումներ են սպասվում, բենզին չկա զբաղվեք ձեր ներքին գործերով, հեռո՛ւ մնացեք Հայաստանից»,-եզրափակեց նա։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Մարիամ Գրիգորյան