Դատարանի որոշումից հետո Մարին լը Պենը կարող է մասնակցել Ֆրանսիայի հաջորդ նախագահական ընտրություններին

Ֆրանսիայի վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել ծայրահեղ աջակողմյան քաղաքական գործիչ Մարին Լը Պենի բողոքարկման վերաբերյալ՝ կապված հինգ տարով պաշտոնավարման իրավունքից իրեն զրկելու հետ։ Դատարանը հաստատել է քաղաքական գործչի նկատմամբ դատավճիռը, սակայն կրճատել է պաշտոնավարման արգելքի ժամկետը։ Սա նրան կարող է թույլ տալ առաջադրվել 2027 թ. նախագահական ընտրություններում։ 


Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։


2025 թ. մարտին լը Պենը մեղավոր էր ճանաչվել հափշտակության գործով, և նրան արգելվել էր հինգ տարի զբաղվել քաղաքականությամբ։ Նա նաև դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման՝ երկու տարին՝ պայմանական, երկուսը՝ էլեկտրոնային ապարանջան կրելու պահանջով։ Լը Պենը և նրա «Ազգային ճակատ» կուսակցության 24 այլ պաշտոնյաներ մեղադրվում էին Եվրամիության խորհրդարանական օգնականների համար նախատեսված գումարները 2004-ից 2016 թվականներին կուսակցության աշխատակիցներին վճարելու համար՝ ԵՄ կանոնակարգերի խախտմամբ։ Խոսքը 4 միլիոն եվրոյի յուրացման մասին է։ Լը Պենը և նրա համախոհները հերքում են իրենց մեղքը:


Վերաքննիչ դատարանը պահպանել է հափշտակության գործով վճիռը և նրան դատապարտել 3 տարվա ազատազրկման՝ երկու տարին՝ պայմանական, մեկը՝ էլեկտրոնային ապարանջան կրելու պահանջով։ Լը Պենը և նրա 10 համախոհները նաև պետք է 2 միլիոն եվրո տուգանք վճարեն ԵՄ-ին։


Reuters-ը նշում է, որ ծայրահեղ աջ «Ազգային ճակատ» կուսակցությունն առաջատար է հարցումներում. կենտրոնամետ նախագահ Էմանուել Մակրոնի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2027 թվականին։ Եթե լը Պենը չառաջադրվի, ապա «Ազգային ճակատի» թեկնածուն կարող է լինել կուսակցության առաջնորդ Ժորդան Բարդելան։