Ռուսաստանում աշխատելն ավելի կբարդանա. միգրանտների համար նոր պահանջներ են սահմանվել

ՌԴ Պետդուման ընդունել է օրենքների փաթեթ, որը խստացնում է աշխատանքային միգրանտների և նրանց երեխաների՝ Ռուսաստանում գտնվելու կանոնները։


Փոփոխությունները պարտավորեցնում են արտոնագրով աշխատող օտարերկրյա քաղաքացիների երեխաներին 18 տարին լրանալուց հետո հեռանալ Ռուսաստանից կամ 30 օրվա ընթացքում ձևակերպել արտոնագիր։ Ռուսաստանում գտնվելու իրավունքը կպահպանեն աշխատանքային միգրանտների այն անչափահաս երեխաները, որոնց ծնողներն ունեն երկրում աշխատելու և գտնվելու թույլտվության փաստաթղթեր։


Միգրանտը նաև պետք է վճարի ֆիզիկական անձանց եկամտահարկի ֆիքսված վճար ինչպես իր, այնպես էլ իր հետ գտնվող յուրաքանչյուր երեխայի համար։


Այն դեպքում, եթե աշխատանքային միգրանտի եկամուտների գումարը ցածր լինի իր և իր խնամքի տակ գտնվող ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվարկով սահմանված կենսապահովման նվազագույնից, ապա նրա արտոնագիրը կչեղարկվի։


Հարկային մարմիններն ավտոմատ կերպով ՆԳՆ-ին են փոխանցելու օտարերկրյա քաղաքացիների՝ օրացուցային տարվա երեք, վեց, ինը և 12 ամիսների եկամուտների մասին տվյալները։ Եթե արտոնագիրը չերկարաձգվի, ապա միգրանտը պետք է լքի Ռուսաստանը 15 օրվա ընթացքում։