ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հերթական քրեական վարույթով իրականացվող գործընթացը, ինչպես և սպասվում էր, ընդդիմադիր հայտնի կոնգլոմերատի կողմից ախտորոշվեց որպես «քաղաքական գործունեության հետ կապված հետապնդում, աննախադեպ ռեպրեսիվ արշավ», որի նպատակը, ուշադրություն, «ընդդիմությանը հետևողականորեն չեզոքացնելն ու փաստացի գլխատելն է, վախի մթնոլորտ ձևավորելը կարևոր քաղաքական գործընթացների նախաշեմին»։ Այս ձևակերպումները տեղ են գտել այն դատապարտող լավաշ տեքստում, որը նախօրեին հրապարակվել է Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի ֆեյսբուքյան էջում, և որին միացել է մի քանի քաղաքական ուժ։ Մասնավորապես ԲՀԿ-ն, 2015-ին այդ կուսակցության հետ բուրժուադեմոկրատական հեղափոխություն անել փորձած՝ Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջած ՀԱԿ-ը, նույն Սերժ Սարգսյանի ՀՀԿ-ն, որն այդ օրերին Ծառուկյանին քաղաքական չարիք էր անվանում ու խոստանում էր «բամփել», ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետորսյանի կողմից ժամանակին կասեցված, Ռոբերտ Քոչարյանի օրոք էլ ապակասեցված Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, ինչպես նաև մի քանի մարդ-կուսակցություններ։ Թեև Տոնոյանի էջում հրապարակված տեքստի ներքո չկա «Ուժեղ Հայաստան» կուսակցության անունը, սակայն այդ ուժը Ծառուկյանի նկատմամբ իրականացվող գործընթացը դատապարտող սեփակա՛ն տեքստով է հանդես եկել՝ այն հրապարակելով իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում։ «Սա երկրում շարունակվող քաղաքական զանգվածային հետապնդումների հերթական օրինակն է։ Գործող իշխանությունների կողմից շարունակվող բռնաճնշումների հիմնական նպատակն է լռեցնել ընդդիմադիր ուժերին»,- նշված է ուժեղների երկնած՝ երկու կարճ պարբերությամբ տեքստում, որտեղ երկու անգամ, նկատենք, գործածված է բռնաճնշում բառը։
Հարց
է ծագում՝ եթե ընդդիմադիր վերոհիշյալ ուժերը դատապարտում են ԲՀԿ առաջնորդի հետ
տեղի ունեցողն ու դրան դրամատիզմ հաղորդելու համար շեշտում՝ սա ընդդիմությանը
գլխատելու, լռեցնելու փորձ է, ապա ինչո՞ւ այդ ուժերը «ինքնիստիքյան համապատասխան» վայրում չէին՝
բռնաճնշվողի, գլխատվողի կողքին։ Ասենք, որտե՞ղ էին Գագիկ Ծառուկյանի քաղաքական
կնքահայր Ռոբերտ Քոչարյանը կամ նրա որդի Լևոնը, Ծառուկայնի հետ ջան-ջիգյար
հարաբերությունների մեջ եղող Կարապետյան ընտանիքի անդամները, ասենք՝ Նարեկ
Կարապետյանը, կամ, ասենք, «Ծառուկյանի չուչելների» համար անհանգստացած Սամվել
Կարապետյանի որդի Սարգիսը։ Իսկ 2015-ին Ծառուկյանի հետ նույն հարթակում կանգնած Լևոն
Զուրաբյա՞նը, Դեմկուսի ղեկավար Արամ Գասպարի՞չը։ Ինչո՞ւ չէին եկել աջակցելու,
այսպես ասած՝ «բալետ անելու» Ծառուկյանին, սեղմելու նրան աջակցելու եկած դուստրերի
ձեռքն ու ապրումակցելու, գործընթացը
լուսաբանող ԶԼՄ-ների առաջ խրոխտ դատապարտելու
«բռնաճնշումը», ազդարարելով՝ «մենք
բոլորս Ծառուկյան ենք, մենք բոլորս Գագիկ ենք»։
Չէ՞ որ իրենց անունից հրապարակված վերոհիշյալ տեքստում աղաղակում են՝ ԲՀԿ ղեկավարի դեմ իրականացվողը քայլ է ընդդեմ
ընդդիմության, հետևապես, ընդդեմ իրենց ընդդիմություն համարող բոլոր քաղաքական
ուժերի։ Հարցն ունի ենթադրելի պատասխաններ. պատասխան առաջին՝ տեղի ունեցողը
համարում են արդարացի, օրենքի տառին և ոգուն համապատասխան գործընթաց, հետևապես չեն ուզում խառնվել
իրավապահների գործին։ Պատասխան երկրորդ՝ Ծառուկյանի խոսնակի գրած ու հրապարակած տեքստին
միացել են, այսպես ասած, կուլտուրայից ելնելով, «գալոչկայի» համար, որպեսզի Նիկոլ
Փաշինյանին ուղերձ հղեն, թե՝ ճիշտ է,
նախընտրական շրջանում այդպես էլ չմիավորվեցին, մեկ ճակատ չդարձան, բայց դա չի նշանակում, որ շարունակում են լինել
անմիաբան ու պառակտված։ Իրականում, սակայն, Ծառուկյանի հետ տեղի ունեցող՝ թող որ
իրավական գործընթացը ընդդիմությունը կարող էր դարձնել փողոցային պայքար սկսելու,
այսպես ասած, «կազուս բելի», մարդկանց փողոց հանել ու գեներացնել իրենց ասած՝
ընտրությունների արդյունքների, մասնավորապես ԲՀԿ-ի «ձայները գողանալու» դեմ բողոքող
զանգվածին, եթե իսկապես կա այդպիսի զանգված։ Սակայն
ոչինչ էլ տեղի չունեցավ, քանի որ Ծառուկյանը Սամվել Կարապետյանին, Ռոբերտ
Քոչարյանին պետք էր որպես հետընտրական
պարտնյոր՝ եթե բանը հասներ «Գյումրի
2» օպերացիան կյանքի կոչելուն։ Բայց քանի որ
ընտրությունների արդյունքները հօդս ցնդեցրին այդ սցենարը, ԲՀԿ-ն զրո մանդատ
ստացավ, ուստի Ծառուկյան սուբյեկտը դադարեց քաղաքական առումով հրապուրիչ լինել։
Ընդդիմադիր ուժերի ֆիզիկական աջակցությունը չստանալու ֆոնին, նկատենք, սոցիալական ցանցերում արշավ, եթե չասենք՝ որս սկսվեց այն մարզիկների նկատմամբ, որոնց ժամանակին Ծառուկյանը պարգևատրել է՝ լինելով Հայաստանի օլիմպիական կոմիտեի ղեկավար։
«Ուտող ուրացող մարզիկներ, ձեզ միայն Ծառուկյանի փողերն էին պետք, չուտեք»,- գրել է ֆեյսբուքյան մի օգտատեր։ «Ծառուկյանից տներ ու մեքենաներ նվեր ստացած,
միլիոնների օգուտ քաղած մարզիկներից մինչ այս պահը ձայն-ծպտուն չկա: Թքած ձեր
նվաճած մեդալների վրա, որոնք նաև հենց Ծառուկյանի շնորհիվ եք նվաճել, է՞ս չեք
դուք, այ մուսկուլով սուտի ուժեղներ»,- ֆեյսբուքյան «սռաչին» միացավ մեկ այլ
օգտատեր։
Առցանց ԶԼՄ-ներից մեկն էլ,
նկատենք, մի ռեպորտաժ էր պատրաստել, այսպես ասած՝ հաշիվ պահանջելու Ծառուկյանի կողմից պարգևատրված մարզիկներից, թե
ինչու են լուռ ու իրենց բողոքի ձայնը չեն բարձրացնում, երբ իրենց տուն ու մեքենա
նվիրած Ծառուկյանը նեղության մեջ է։ Նկատենք, որ սույն ռեպորտաժի ներքո
մեկնաբանություններ թողած ֆեյսբուքյան օգտատերերը
թիրախավորել են մարզիկներին, նրանց վիրավորել, պիտակավորել, ընդհուպ՝
կասկածել նրանց հայ լինելու վրա։ Փաստորեն, մարզիկները, որոնք իրենց աշխատանքի
շնորհիվ մեդալներ են նվաճել ու չեմպիոն դարձել
և այդ հանգամանքի բերումով պարգևատրվել Ծառուկյանի կողմից, այսպիսով մուրհակ
են ստորագրել ու պարտավորվել անհրաժեշտ պահին, ասենք, երբ «Գագիկ բարեգործը»
ենթադրյալ հանցագործության համար ձերբակալվի կամ կալանավորվի, հանդես գալ նրա պաշտպանությամբ։ «Մի զբաղվեք անբարոյականությամբ։ Ի՞նչ եք ուզում մարզիկներից։ Իրենք իրենց աշխատանքի շնորհիվ են չեմպիոն դարձել և ոչ թե ինչ-որ մեկի փողերով առել այն»,- մարզիկների նկատմամբ սանձազերծված նողկալի արշավին արձագանքելով՝ գրել է
օգտատերերից մեկը՝ միաժամանակ հորդորելով չքաղաքականացնել սպորտը։ Տեսնելով, որ ընդդիմությունն
իրենց ակնկալած աջակցությունը չի հայտնում Ծառուկյանին, մատը մատին չի տալիս, նրան
սատարող շահագրգիռ խմբակները որոշել են, ինչպես
ժողովուրդն է ասում՝ «մուռը հանել» մարզիկներից՝ կազմակերպելով երեստվանքի
մարաթոն։
Գագիկ Ծառուկյանին, հիրավի, չեմպիոն կարելի է համարել՝
քաղաքական ձախորդության չեմպիոն։ Նա ավելի քան 20 տարի է՝ քաղաքականության մեջ է,
մասնակցել է մի քանի գումարումների ԱԺ ընտրությունների, սակայն այդպես էլ չի
հաջողել վերցնել իշխանությունը՝ դառնալ ՀՀ նախագահ կամ վարչապետ։ 2021-ի ԱԺ
ընտրությունների պարտությունը 2026-ին
դուբլելուց հետո Ծառուկյանն անխուսափելիորեն կանգնելու է ծանր ընտրության առաջ՝ նորից փակել քաղաքականության էջը, ինչպես
2015-ին, ու անցնել ընդհատա՞կ, թե՞․․․ շարունակել մնալ քաղաքականության մեջ՝ այսպիսով դիմելով ինքնասպանության՝ քաղաքական խարակիրիի։
Հեղինե Մանուկյան