Ռուսաստանում դիզելային վառելիքի արտահանման արգելք է սահմանվել

Ռուսաստանում դիզելային վառելիքի արտահանման արգելք է սահմանվել, ինչը կմեծացնի ներքին շուկայի մատակարարումները։ Կառավարությունում վառելիքի հարցերի վերաբերյալ խորհրդակցության ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը:


Նա հայտնել է, որ հուլիսին կառավարությունը կսկսի նավթամթերքի ներկրումը։ Նովակի խոսքով՝ շարժիչային վառելիքի պահանջարկն աճել է մոտ մեկ երրորդով՝ հանգեցնելով բենզալցակայանների լրացուցիչ ծանրաբեռնվածության: ️


Փոխվարչապետը նշել է, որ հիմա Ղրիմում ներկա դրությամբ վառելիքի գները ուռճացված են (լոգիստիկայի հետ կապված դժվարության պատճառով թերակղզում բենզինի գինը կրկնապատկվել է): Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ղրիմին և Ռուսաստանի հարավին վառելիքով աջակցելու վերաբերյալ որոշումները պետք է ընդունվեն հիմա, ոչ թե հետագայում:


Պուտինը կոչ է արել վառելիքի գնումների սուբսիդավորման վերաբերյալ ավելի արագ որոշում կայացնել և աջակցել ուկրաինական հարձակումների պայմաններում փոքր նավթավերամշակման գործարանների ցանց ստեղծելու գաղափարին՝ ընդգծելով, որ որքան լայն է ցանցը, այնքան դժվար է դրան վնաս հասցնելը:


Ռուսաստանի նախագահը վառելիքի հետ կապված դժվարությունները անվանել է ժամանակավոր, որը նաև կապված է հակառակորդի` արձակուրդների սեզոնը խափանելու և հասարակության մեջ նյարդային իրավիճակ ստեղծելու փորձերի հետ:


Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը երկրի քաղաքացիական ավիացիայում տիրող իրավիճակը գնահատել է վերահսկելի՝ չնայած վառելիքի սովորական պաշարների նվազմանը։ Փոխադրումների պահանջարկը կայուն է։