Մանուկյան-Թևանյան «քաղաքական զույգը» հայրենիքի սիրուց դրդվա՞ծ էր այլ պետության տեղեկություն փոխանցում

Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի նախկին անդամ, խմբակցությունը ժամանակ առաջ լքած, հետո ԲՀԿ ընտրական ցուցակում ընդգրկված «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանը։ Թու, թու, թու, ինչպես ասում են, մինչև այս պահը տիկին Մանուկյանի գլխին դեռ քաղբանտարկյալի լուսապսակ չի դրվել և հատուկ չի շեշտվել նրա սեռը՝ «կին քաղբանտարկյալ»։  Բայց չի բացառվում, որ առաջիկա ժամերին, եթե դատարանը որոշի բավարարել կալանքի միջնորդությունը, այդ «բացը» լրացվի՝ քրեական հետապնդման ենթարկվող քաղգործիչներից քաղբանտարկյալ կերտելու պրակտիկայի շրջանակներում։  Ա Մանուկյանի նկատմամբ  հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը): Հիշեցնենք, որ պետական դավաճանության վարույթով կալանավորված է ԲՀԿ ընտրական ցուցակի երկրորդ համար, «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, Արեգնազ Մանուկյանի երբեմնի կոլեգա՝  հայաստանական նախկին պատգամավոր Անդրանիկ Թևանյանը (https://civic.am/news/116415):

Ըստ իրավապահների՝ Անդրանիկ Թևանյանը, հանդիսանալով 2021 թվականին կայացած խորհրդարանական ընտրություններում «Հայաստան» կուսակցությունների դաշինքին աջակցած քաղաքական գործիչ և նույն դաշինքի համապետական ընտրական ցուցակում ընդգրկված ԱԺ պատգամավոր, 2024 թվականի ընթացքում հավաքագրվելով օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, «Ռոսիա Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնում տնօրեն հանդիսացող օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչի հանձնարարությամբ նույն ժամանակահատվածում կատարել է լրտեսություն, ինչպես նաև ապօրինի կերպով հավաքել և առանձնապես խոշոր չափերի՝ 622 հզր ԱՄՆ դոլար գումարի դիմաց վերջինիս է փոխանցել պետական գաղտնիք պարունակող, 2024 թվականի ապրիլին ԱԺ փակ, գաղտնի նիստում կայացած լսումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ ռուսերեն թարգմանված տեղեկություններ՝ այդ կերպ կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության:


Ա Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդումը այս գործի շրջանակում է, մամուլը ժամանակ առաջ գրեց, որ հենց նա է ԱԺ փակ նիստից տեղեկություններ «սլիվ արել» 2023-ին մանդատը վայր դրած Անդրանիկ Թևանյանին։  


Ինչն է ուշագրավ այս քրեական պատմության մեջ՝ ենթադրյալ հանցանքի մեջ մեղադրվող սույն գործիչները, հիշեցնենք, թունդ, երբեմն էլ՝ ուլտրաթունդ  հայրենասեր էին խաղում, դավադրապաշտական հայտարարություններ անում, թե՝ Նիկոլ Փաշինյանը դավաճան է, «գաղտնի պայմանավորվածություններ» ունի թշնամու՝ Ալիևի հետ, և շուտով  «տալու է» այս, «հանձնելու է» այն, և այսպես շարունակ։ Եվ քանի որ խաթարել է հայ-ռուսական հարաբերություններն ու թռել Արևմուտքի «գիրկը»,  Հայաստանին սպառնում է  ուկրաինացումը, Արցախի ճակատագիրը։ Քրեական վարույթին ծանոթանալուց հետո, մինչդեռ, լեգիտիմ հարց է ծագում՝ Ա Մանուկյանն ու նրա կուսղեկ Ա Թևանյանը երբ ենթադրյալ հանցանքը կատարում էին՝ իրենց պետության խորհրդարանի փակ, գաղտնի նիստում կայացած լսումների վերաբերյալ պետական գաղտնիք համարվող տեղեկություններ էին փոխանցում, պետության, հայրենիքի նկատմամբ անհագուրդ սիրուց դրդվա՞ծ էին փոխանցում։  Արեգնազ Մանուկյանը, հիշեցնենք, 2024 թվականի ապրիլի 11-ին ԱԺ-ում ունեցած իր ելույթում մասնավորապես նշել էր «Այո՛, Հայաստանը սահմանագծման ու սահմանազատման կարիք ունի։ Դրանք կարող են իրականացվել բացառապես սովետական քարտեզներով, ինչը բնականորեն ենթադրում է ռուսական միջնորդություն»։ Մշտապես պրոռուսականության դիրքերից հանդես եկած Մանուկյանը իր նույն ելույթում նաև շեշտել էր. «Նիկոլ Փաշինյանը Հայաստանը դարձրել է Արևմուտք-Ռուսաստան բախման թատերաբեմ»։


Անդրանիկ Թևանյանն էլ 2024-ի ապրիլին տեղի ունեցած  սահմանազատման օրերին «ոչ լեգիտիմ» էր որակել Ադրբեջանի և Հայաստանի որոշումը՝ առանց ՌԴ-ի սկսել սահմանազատման գործընթաց, ավելին՝ այն մատուցել էր որպես հակառուսական քայլ՝ գուժելով. «Առանց ռուսական միջնորդության ցանկացած սահմանազատում կոչվածը վերածվելու է Հայաստանի միակողմանի զիջումների, ու բանն ավարտվելու է Ալեքսանդրապոլ-2-ով (դա՝ լավագույն դեպքում)։ ․․․Փաշինյանն արդեն հայտարարել է, որ զիջումներին զուգահեռ պետք է վերանան ռուսական ռազմական հենակետերը Տավուշում։ Արևմուտքին նա բացառապես այդ թեմայով է հետաքրքրում։ Վերջնական նպատակը Հայաստանից ռուսական 102-րդ բազան հեռացնելն ու Հայաստանի ուկրաինացումն ապահովելն է։ Եվ այսպես, Տավուշում մեր զիջումները բավարարում են Ադրբեջանի ժողովրդին, Թուրքիայի ժողովրդին, Արևմուտքի ժողովրդին ու անձամբ Նիկոլ Փաշինյանին։ Հայաստանի համար նախատեսված է Արցախի ճակատագրի կրկնությունը»։  


Լրտեսության մեջ մեղադրվող Թևանյանը, նկատենք,  իր հանրային խոսքում «ՔՊ-ական» իշխանության մասին խոսելիս նրանց երբեմն անվանում էր «գործակալներ», ավելին՝ խոսում ՔՊ-ի՝ իբրև թե  «օտարերկրյա գործակալական թև» ունենալու մասին։ Ճակատագրի հեգնանք։ 

Ե. Ա.