Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն Արսենյան

Վահագն Արսենյանը վայոցձորցիներին տեղեկացնում է, որ հրաժարվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի մանդատից և շարունակելու է իր գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ։ Այդ մասին ասված է Արսենյանի Ֆեյսբուքի էջում:


 

«Նախընտրական քարոզարշավի ընթացքում բազմիցս նշել եմ, որ շարունակելու եմ իմ աշխատանքը հանուն Վայոց ձորի և նրա բնակիչների։ Այսօր ևս հավատարիմ եմ այդ խոստմանը՝ շարունակելով ստանձնած պատասխանատվությունը։


 

Իմ առաջնահերթությունը մնում է մարզի առջև ծառացած խնդիրների լուծումը և նոր ծրագրերի իրականացումը՝ ի նպաստ Վայոց ձորի զարգացման ու ապագայի։


 

Առջևում բազմաթիվ կարևոր ծրագրեր և նախաձեռնություններ են, որոնք միասին պետք է կյանքի կոչենք։ Վստահ եմ, որ համատեղ աշխատանքի, փոխվստահության և հետևողական ջանքերի շնորհիվ կշարունակենք մարզի զարգացման ուղին՝ ստեղծելով նոր հնարավորություններ և ապահովելով Վայոց ձորի հետագա առաջընթացը»,- գրել է նա։