Իրանը չի դիմել Միացյալ Նահանգներին բանակցությունների առաջարկով։ Ինչպես հաղորդում է ISNA-ն, այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Էսմայիլ Բաղաին։
«Թեհրանը ԱՄՆ-ի հետ բանակցություններ անցկացնելու խնդրանքով չի դիմել, սակայն իր պատասխանատու քաղաքականության շրջանակներում ընդունել է տարածաշրջանային միջնորդներից մեկի առաջարկը՝ Իրան այցելելու և վերջին զարգացումները քննարկելու վերաբերյալ»,- ասել է նա՝ հավելելով, որ կատարցի պաշտոնյաների հետ հանդիպումը կայացել է Մաշհադում։
Բաղաիի խոսքով՝ Թեհրանն իր դիրքորոշումը հասցրել է Կատարին, որը միջնորդի դեր է կատարում։
«Պարտավորությունների խախտումը ԱՄՆ-ի սովորությունն է։ Վաշինգտոնը շարունակաբար խախտել է Փոխըմբռնման հուշագրի տարբեր դրույթներ, թեև դրա ստորագրումից անցել է ընդամենը 21–22 օր։ Բացի այդ, իրանական նավթի վաճառքի արտոնագրի չեղարկման մասին ծանուցումը դիտարկվում է որպես հուշագրի ևս մեկ դրույթի կոպիտ խախտում, իսկ նոր պատժամիջոցների սահմանման մասին լուրերը հակասում են փաստաթղթի իններորդ կետին»,- հայտարարել է նա։
Բաղաիի կարծիքով՝ ամերիկյան կողմը տարբեր պատրվակներով խախտել է փոխըմբռնման հուշագիրը, իսկ դա խոչընդոտում է բանակցություններին։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն հուլիսի 7-ին հետ է կանչել Իրանից նավթի, նավթամթերքի և նավթաքիմիական արտադրանքի արտադրության, մատակարարման ու վաճառքի արտոնագիրը (լիցենզիան)։