Ամերիկա-իրանական երկխոսության տապալման և Իսլամաբադի հուշագրի չպահպանման մեղքը կարող է ընկնել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի վրա՝ որպես Թեհրանի հետ բանակցությունների կենտրոնական մասնակցի։ Այս մասին հայտնել է ամերիկյան Politico թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Հենց նա (Վենսը - խմբ.) է ամենից շատ ռիսկի դիմում։ Այս փոխըմբռնման հուշագիրը, դատելով ամեն ինչից, ձախողմամբ է ավարտվելու, և դրա պատասխանատվությունն ընկած է նրա վրա»,- հրատարակությունը մեջբերում է Սպիտակ տան նախկին պաշտոնյայի խոսքերը։
Նա նաև հայտարարել է, որ հուշագրի դրույթների խախտումն անխուսափելի էր, քանի որ դրանում արտացոլված չեն առանցքային կետերը՝ Լիբանանում հրադադարի պայմանները և Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողությունը։
Իր հերթին մեկ այլ պաշտոնյա հայտնել է Politico-ին, որ ԱՄՆ-ի հետ գործարքի պայմանները կատարելու հարցում Իրանի պատրաստակամության վերաբերյալ Վենսի սկզբնական կասկածները օգնել են նրան ամրապնդել իր քաղաքական դիրքերը։ Այնուամենայնիվ, շատ հանրապետականներ համոզված են, որ փոխնախագահը միևնույն է կհայտնվի այն մարդկանց թվում, ում կմեղադրեն այն դեպքում, եթե հակամարտության էսկալացիան (սրումը) լուրջ տնտեսական դժվարություններ առաջացնի։
Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան զինվորականները հզոր հարվածների շարք են սկսել Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈՒ Կենտրոնական հրամանատարությունը պնդում էր, թե դա արվել է ի պատասխան իսլամական հանրապետության գործողությունների ընդդեմ առևտրային նավերի, որոնք անցնում էին Հորմուզի նեղուցով։ Իրանցի զինվորականները հայտնել են Բահրեյնում և Քուվեյթում գտնվող ԱՄՆ բազաներին հասցված պատասխան հարվածների մասին։ Թեհրանը մեղադրել է Վաշինգտոնին ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիրը չպահպանելու մեջ։