Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ֆրանսիական BFM հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաջողության հասնի Ուկրաինայում, նա կանգ չի առնի և կշարունակի առաջ շարժվել։ Զելենսկին լիովին իրական է համարում սցենարը, որ Ռուսաստանը կարող է նոր պատերազմ սանձազերծել Եվրոպայում, քանի որ երկիրն արդեն իսկ զարգացնում է իր բալիստիկ հրթիռների պոտենցիալը՝ մինչև 5000 կիլոմետր գործողությունների շառավղով։
Զելենսկին Ուկրաինայում հրադադարը անվանել է «հնարավոր», բայց
նաև ընդունել է, որ դրան հասնելը «շատ դժվար է», քանի որ «Պուտինը ձգտում է ոչ թե խաղաղության, այլ հաղթանակի»։
Զելենսկու խոսքով՝ Պուտինի հաղթանակը սպառնալիք է ոչ միայն Ուկրաինայի
համար։ «Պուտինը կփորձի գրավել նոր երկրներ և կսպանի ավելի շատ մարդկանց, եթե հաջողության
հասնի Ուկրաինայի դեմ պատերազմում»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Նա նաև նշել է պատերազմի իրական արժեքը Ռուսաստանի համար։ Ռազմաճակատի մոտ 50 կիլոմետր երկարությամբ մի հատվածում
ռուսական բանակը կորցրել է 150 հազար զինվոր։
«Ահա թե որն է իսկական պատերազմը»,- հայտարարել է Զելենսկին։
Ինչ վերաբերում է Ուկրաինայի պաշտպանական պոտենցիալին, Զելենսկին ընդգծել է, որ չորս տարուց ավելի լայնածավալ
ներխուժման ընթացքում երկիրը ստեղծել է սեփական արտադրության անօդաչուներ, հրթիռներ,
հրետանի, զրահատեխնիկա
և այլ սպառազինություն։ Սա, նրա խոսքով, Ուկրաինայի զինված ուժերը
վերածել է աշխարհի ամենաուժեղ բանակներից մեկի։
Զելենսկին
նշել է, որ Ռուսաստանի բալիստիկ զենքերը, որոնց գործողության շառավիղը 5000 կիլոմետր
է, կարող են ծածկել Եվրասիայի մեծ մասը՝ Եվրոպայի Ատլանտյան ափից մինչև
Կենտրոնական Ասիա: Նրա խոսքով՝ սա նշանակում է, որ Ռուսաստանի ագրեսիայի պոտենցիալ
ընդլայնումը Ուկրաինայից հետո չի սահմանափակվի միայն հարևան պետություններով:
«Պուտինը
չի թաքցրել իր ախորժակը. պատերազմի ողջ ընթացքում նա հայտարարել է նախկին
հետխորհրդային տարածքում «Ռուսաստանի շահերի պաշտպանության» մասին։ Ուկրաինայում
ագրեսիայի դադարեցումն է հենց այն, ինչը կարող է խզել այդ շղթան»,- պնդել է Զելենսկին։