Ցմահ ազատազրկման պահանջ. Թուրքիան Ինտերպոլի միջոցով հետախուզում է հայտարարել Նեթանյահուի նկատմամբ

Թուրքական դատարանը, որը քննում է «Սումուդ» մարդասիրական նավատորմի գործը, դատավարության ընթացքում միջանկյալ որոշում է կայացրել Ինտերպոլի կարմիր տեղեկագրի միջոցով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու վերաբերյալ:


Հաղորդագրության համաձայն՝ Ստամբուլի քրեական դատարանը Նեթանյահուի և մյուս մեղադրյալների նկատմամբ կալանքի օրդեր է տվել՝ մարդկության դեմ հանցագործությունների, ցեղասպանության, ազատազրկման, դաժան վերաբերմունքի, դիտավորյալ մարմնական վնասվածք հասցնելու, կողոպուտի և տրանսպորտային միջոցի առգրավման մեղադրանքներով:


Ըստ աղբյուրի՝ դատարանը նախկինում քրեական գործ էր հարուցել Նեթանյահուի և 34 բարձրաստիճան իսրայելցի պաշտոնյաների դեմ՝ Ստամբուլի դատախազության մեղադրական եզրակացության հիման վրա, որը  նրանց համար պահանջում է ցմահ ազատազրկում: