ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել պնդմամբ, որ Մերձավոր Արևելքի երկրները միավորվում են՝ շնորհիվ Իրանի թուլացման, որը տարածաշրջանում կայունության գլխավոր սպառնալիքն է։
Այս մասին նա ասել է Սպիտակ տանը Իրաքի վարչապետ Ալի ալ-Զաիդիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքով՝ չնայած Մերձավոր Արևելքում տիրող լարվածությանը, տարածաշրջանը «միավորվում է»։
«Ուզում եք հավատացեք, ուզում եք՝ ոչ, բայց ամեն ինչ կարգավորվում է։ Մենք ազատվում ենք Մերձավոր Արևելքի ագրեսորից,- լրագրողներին ասել է Թրամփը՝ նկատի ունենալով Իրանին։ - Նրանք ահաբեկում էին Իրաքին, նրանք ահաբեկում էին բոլոր երկրներին։ Մերձավոր Արևելքում վախ էր տիրում։ Կարծում եմ՝ Մերձավոր Արևելքը միավորվում է այնպես, ինչպես երբեք նախկինում»։
Թրամփը հավելել է, որ այս համատեքստում ամերիկյան զորքերի տեղակայումն Իրաքում այլևս անհրաժեշտ չէ։
«Մենք չենք կարծում, որ այնտեղ զինվորականների կարիք ունենք։ Սա շատ մեծ գործողություն է, այժմ նավթային ընկերությունները համաձայնագրեր են կնքում Իրաքի հետ։ Մենք պատրաստ ենք օգնել և պաշտպանել նրանց, բայց չենք կարծում, որ դրա անհրաժեշտությունը կլինի։ Իրանը խիստ ապակայունացվել է, և նրանց ռազմական ուժը կազմում է ընդամենը չնչին մասն այն ամենի, ինչ կար չորս ամիս առաջ»,- հայտարարել է ամերիկյան առաջնորդը։
ԱՄՆ նախագահը նաև հիշեցրել է նավթարդյունահանման ոլորտում Իրաքի հետ համագործակցությունն ակտիվորեն զարգացնելու Վաշինգտոնի մտադրության մասին. «Իրաքն ահռելի պոտենցիալ (ներուժ) ունի նավթի շնորհիվ... և մենք պատրաստվում ենք բազմաթիվ գործարքներ կնքել։ Մենք շատ աշխատատեղեր կստեղծենք երկու երկրների համար և մեծ քանակությամբ նավթ կարդյունահանենք»։