ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է մոտ ժամանակներս համաձայնագիր կնքել Ուկրաինայում հակամարտության դադարեցման վերաբերյալ։
«Կարծում եմ՝ նա [նախագահ Վլադիմիր Պուտինը] պատրաստ է գործարք կնքել»,- հայտարարել է Թրամփը՝ պատասխանելով Պուտինի հետ իր ունեցած զրույցների մասին հարցին։
Ամերիկացի առաջնորդը դրական է պատասխանել այն հարցին, թե արդյոք ինքը հնարավոր է համարում մարտական գործողությունների ավարտը մինչև իր երկրորդ նախագահական ժամկետի ավարտը։
ԱՄՆ նախագահական ընտրությունները կկայանան 2028 թվականի նոյեմբերին։ Թրամփը խոստացել էր հակամարտության կարգավորման հասնել իր նախագահության հենց առաջին օրը։
Կրեմլը հայտարարել էր Ուկրաինայի հետ բանակցություններում դադարի մասին։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ բանակցային գործընթացի շարունակման վերաբերյալ դեռևս ոչ մի պայմանավորվածություն չկա։ Որպես բանակցությունների մեկնարկի պայման նա նշել էր զորքերի դուրսբերումը Ռուսաստանի նոր շրջաններից։