Երևանի 23-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հատեց եզրագիծը։ Այսօր Կինոյի տանն անցկացվեց փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը, ժյուրին հայտարարեց մրցանակակիրների անունները: Այդ մասին տեղեկանում ենք փառատոնից:
Միջազգային լիամետրաժ ֆիլմերի մրցույթում փառատոնի գլխավոր մրցանակը՝ «Ոսկե ծիրանը», շնորհվել է Մելագրոս Մումենթալերի «Հոսանքներ» (The Currents) ֆիլմին։
«Արծաթե ծիրանը» ստացել է Մորթեզա Ահմադվանդի և Ֆիրուզե Խոսրովանի «Անցյալ․ ապառնի․ շարունակական» (Past, Future, Continuous) ֆիլմը, իսկ Սեբաստիան Բրամեսհուբերի «Լոնդոն» (London) ֆիլմն արժանացել է միջազգային ժյուրիի հատուկ հիշատակման։
Տարածաշրջանային մրցույթում «Ոսկե ծիրանը» շնորհվել է Ամիր Ազիզիի «Ամիրի հոգում» (Inside Amir) ֆիլմին, իսկ «Արծաթե ծիրանը»՝ Ալեքսանդրե Քոբերիձեի «Չորացած տերև» (Dry Leaf) ֆիլմին։ «Չորացած տերևը» նաև արժանացել է FIPRESCI մրցանակին, որը շնորհվում է Կինոմամուլի միջազգային ֆեդերացիայի կողմից։
Կարճամետրաժ ֆիլմերին նվիրված «Կորիզ» մրցույթում «Ոսկե ծիրանը» շնորհվել է Սերուժ Հովսեփյանի «Մենավոր երկխոսություններ» (Dialogues Solitaire) ֆիլմին։ Վերջինս արժանացել է նաև Գենադի Մելքոնյանի անվան հատուկ մրցանակին։
Անվանակարգում «Արծաթե ծիրան» ստացել է Օվսաննա Գևորգյանի «Վարձու սգավորներ» (Paid Mourners) ֆիլմը։
Ժյուրին նաև հատուկ հիշատակումներ է շնորհել Սոնա Խաչատրյանի «Ռելիքվիա» (Relic) և Արթուր Սահակյանի «Մենակ երկուսով» (Together Alone) ֆիլմերին։
Բացի այդ, Թերեզա Նվոտովայի «Հայրը» ֆիլմն արժանացել է նաև Հայաստանում և Վրաստանում տարածման մրցանակին, որը ներառում է 6 000 եվրոյի դրամական աջակցություն՝ ֆիլմի տարածաշրջանային տարածումն ապահովելու նպատակով։
Փառատոնը եզրափակվեց Գոդֆրի Ռեջոյի «Ժուկով-ժամանակին» ֆիլմի պրեմիերայով։