«Ինչո՞ւ Իրանը դա արեց» հարցը հետո կլինի անազնիվ ու անհիմն. Իրանի ԱԳՆ-ն՝ ԱՄՆ-ին աջակցող երկրներին

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային մեկնաբանել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ղեկավարի հայտարարությունը։ Նա այդ մասին գրել է X սոցիալական ցանցում։ 


Նրա խոսքով՝ CENTCOM-ի ղեկավարը բացահայտ հայտարարել է, որ Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը, Կատարը, Քուվեյթը, Սաուդյան Արաբիան և Հորդանանը մասնակցում են Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողություններին։


«Եթե ԱՄՆ այս պնդումը չի համապատասխանում իրականությանը, ապա նշյալ երկրները պետք է պաշտոնապես և բացահայտ հերքեն դա»,- ընդգծել է Բաղային։


Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ եթե այս պայմաններում Թեհրանը, իրացնելով ինքնապաշտպանության իր օրինական իրավունքը, հարված հասցնի այդ երկրների տարածքներում տեղակայված ԱՄՆ ռազմաբազաներին և օբյեկտներին, ապա «Ինչո՞ւ Իրանը դա արեց» հարցը կլինի անազնիվ և անհիմն։


Բաղային նշել է, որ տարածաշրջանում անվտանգության ներկայիս ճգնաժամի և պատերազմի հիմնական պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի վրա շարունակվող հարձակումներն են։


Նա հավելել է, որ թույլ տալով իրենց տարածքը օգտագործել Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների համար, այդ երկրները, համաձայն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 3314 «Ագրեսիայի սահմանում» բանաձևի, իրենք են կատարում ագրեսիայի ակտ: Նրա խոսքով՝ նման գործողությունները խախտում են նաև բարիդրացիության սկզբունքը և ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ կետը:


Եզրափակելով՝ իրանցի պաշտոնյան ընդգծել է, որ իր երկրի ինքնապաշտպանության լեգիտիմ միջոցները նպատակ ունեն վերականգնելու անվտանգությունն ու կայունությունը ամբողջ տարածաշրջանում: