Այսօր Հայաստանից դեպի Ռումինիա է շարժվել հայկական տարբեր ապրանքներով բեռնված առաջին բեռնատարը։ Ռումինիայի հայկական բիզնես խորհրդի նախագահ Վահե Հովակիմյանը տեղեկացրեց, որ բեռնատարում կա քաղցր սուջուխ, չրով շոկոլադ, չիր, բանջարեղենային ու մրգային պահածոներ, կոմպոտ, հայկական արտադրության սուրճ, թեյ և շոկոլադ։ Այս ապրանքները վաճառվելու են հուլիսի 31-ից օգոստոսի 2-ը՝ Բուխարեստում անցկացվող «Հայկական փողոց» փառատոնի ժամանակ։
Վահե Հովակիմյանի խոսքով՝ այս փառատոնն անցկացվում է արդեն տասը տարի, սակայն առաջին անգամ է, որ այսքան հայկական ապրանքներ են ներկայացվում։ Նախկինում ներկայացվել է միայն հայկական կոնյակ և ավազի վրա եփվող սուրճ։
Մեր զրուցակիցը նշեց, որ այս առաջխաղացմանն իրենք կարողացան հասնել շատ մեծ ջանքերով, որովհետև ԵՄ ստանդարտները մի քիչ բարձր են, և պետք էր այդ ամենն այնպես կազմակերպել, որ ապրանքները հասնեն Ռումինիա ու խնդիր չունենան։ Եվ ահա արդեն հաջորդ շաբաթ այդ ապրանքները կներմուծվեն Ռումինիա և կներկայացվեն տաղավարում։
«Դա էլ առիթ է եղել, որ մենք ավելի արագացնենք գործունեությունը՝ շուկան փոխել ԵԱՏՄ-ից դեպի ԵՄ և դիվերսիֆիկացնել դեպի ԵՄ, ամեն մեկս պետք է մեր երկրներում ջանք թափենք, որ կարողանանք հայկական ապրանքատեսակները բերել ԵՄ։ Դա 550-միլիոնանոց շուկա է և լավ շուկա է։ Մեր արտադրողների հետ խոսելիս իրենց բացատրում եմ, որ իրենք էլ պետք է իրենց տեխնոլոգիաները ադապտացնեն և փորձեն իրենց գնային համակարգն այնպես անել, որ մրցունակ լինեն ԵՄ շուկայի համար»,- ասաց Վահե Հովակիմյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ ներկայումս բանակցում են մրգեր ներմուծելու համար, իսկ վերջին երկու ամիսներին բանակցել են ծաղիկների ներմուծման համար, և ներկայումս օդանավակայանում կա 20 տուփ ծաղկի նմուշ, սպասում են, որ ներմուծումն անեն և ներկայացնեն մի քանի խոշոր ցանցերի, ինչից հետո կա հնարավորություն շաբաթական մի քանի տասնյակ հազար ծաղիկ ներմուծելու։
Վահե Հովակիմյանը նաև նշեց, որ առաջին քայլն է դժվար, դրանից հետո պրոցեսը հեշտանում է։ Իրենք թեև բոլոր ուղղություններով աշխատում են, բայց փուլային պետք է անեն, չեն կարող հապճեպ անել, դրանից բացի՝ կա լոգիստիկ խնդիր, քանի որ չկան սերտիֆիկացված բեռնատարներ, որ գնան ԵՄ, և այս պահին ստիպված մոլդովական ընկերությունների հետ են աշխատում, իսկ եթե հայկականն ունենան, ավելի հեշտ կլուծեն խնդիրները, և ավելի էժան կնստի փոխադրումը։
«Մեր կոչը ԵՄ-ից հետևյալն է՝ խնդրում եմ, խուճապի մի մատնվեք։ Ես հասկանում եմ, որ արտադրողների համար Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի հետ պրոցեսներն ավելի հեշտ էին, ապրանքը արտադրում էին, սիրուն ստանում էին և մի քիչ ավելի ժարգոնով ասած՝ ցրում էին ԵԱՏՄ-ով, Ռուսաստանով։ Բայց ԵՄ-ում սիստեմը մի քիչ ավելի բյուրոկրատիզացված է, և պետք է մի քիչ ավելի ինտեգրված և ստանդարտիզացված պրոցեսներով աշխատել։ Դրա համար մեր արտադրողները պետք է մի քիչ հասկանան ԵՄ շուկան՝ մեզ հետ միասին»,- ասաց Վահե Հովակիմյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան