ՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հետաձգել է Իրանի դեմ ռազմական արշավը զգալիորեն ուժեղացնելու պլանները այն մտավախությունների պատճառով, որ էսկալացիան կարող է վտանգավոր կերպով սպառել Մերձավոր Արևելքում «Patriot»-ի և ՀՕՊ այլ զինամթերքի արդեն կրճատված պաշարները, գրում է «New York Times» թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:
Ավելի վաղ «Axios» պորտալը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ամերիկյան զինվորականները շարունակում են Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողություններին վերադառնալու ծրագրեր մշակել, սակայն Թրամփը դեռ համապատասխան հրահանգներ չի տվել: Պարբերականի տվյալներով՝ հուլիսի 24-ին Թրամփը կարգադրել է նոր հարվածներ չհասցնել Իրանին՝ ընդհատելով հարձակումների շարքը, որոնք շարունակվել են 13 օր անընդմեջ:
«Թրամփն առնվազն առայժմ հետաձգել է Իրանի դեմ ամերիկյան ռազմական արշավը կտրուկ ուժեղացնելու պլանները՝ մտավախություն ունենալով, որ պատերազմի ընդլայնումը կարող է հանգեցնել Մերձավոր Արևելքում Պենտագոնի հակաօդային պաշտպանության համակարգերի համար «Patriot» հակահրթիռային որսիչների և այլ զինամթերքի առանց այն էլ կրճատված պաշարների սպառմանը», – ասվում է հրապարակման մեջ:
Վաշինգտոնը նաև զգուշանում է Մերձավոր Արևելքում հակամարտության ընդլայնումից, Պարսից ծոցում առանցքային դաշնակիցների հետ հարաբերությունների վատթարացումից, գլոբալ տնտեսական ցնցումներից, ինչպես նաև էներգետիկ և միգրացիոն ճգնաժամերի խորացումից:
Պարբերականի տվյալներով՝ ուժեղ հարվածները հետաձգելու որոշումը հաջորդել է հուլիսի 24-ին Թրամփի՝ խորհրդականների և կառավարության բարձրաստիճան անդամների հետ կայացած հանդիպմանը: