Ուկրաինա հրետանային արկերի մատակարարումները կրճատվել են՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության պատճառով. Զելենսկի
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ հոկտեմբերին պաղեստինա-իսրայելական հակամարտության սկսվելուց հետո 155 մմ տրամաչափի հրետանային արկերի մատակարարումները կրճատվել են, հաղորդում է AFP-ն:
«Սա այն չէ, ինչ ԱՄՆ-ն է ասել՝ մենք ոչինչ չենք տա Ուկրաինային։ Ո՛չ։ Պարզապես յուրաքանչյուրն ինքն է պայքարում (զինամթերքի) համար։ Դա է կյանքը: Ես չեմ ասում, որ դա դրական է, բայց դա է կյանքը, և մենք պետք է պաշտպանենք այն, ինչ մեզ է պատկանում»,- Կիևում լրագրողներին ասել է Զելենսկին։
«Հիմա պահեստները դատարկ են, կամ կա օրինական նվազագույնը, որը մեզ չի կարող տրամադրել այս կամ այն պետությունը։ Սա բավարար չէ»,- հավելել է Ուկրաինայի նախագահը։
Կիևում Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դևիդ Քեմերոնի հետ հանդիպման ժամանակ, ինչպես նշում է AFP-ն, Զելենսկին հայտարարել է, որ Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո աշխարհն այնքան էլ կենտրոնացած չէ Ուկրաինայում պատերազմի վրա։ «Դուք գիտեք, որ աշխարհն այնքան էլ կենտրոնացած չէ Ուկրաինայի ռազմաճակատում տիրող իրավիճակի վրա, և ուշադրության բաժանումը չի օգնում», - ասել է Զելենսկին Քեմերոնին:
Զելենսկին նաև հայտնել է, որ Ռուսաստանը հրթիռների պաշար է կուտակում ձմռանը Ուկրաինան ռմբակոծելու համար, սակայն Ուկրաինայի ՀՕՊ-ն «ավելի լավն է, քան անցած ձմռանն էր»։