Ընդդիմությունը չունի օրակարգ, ընկել են իրենց սարքած թակարդը

Ամբողջ նախընտրական քարոզարշավի ժամանակ ընդդիմությունը մարդկանց վախեցնում էր 300.000 ադրբեջանցիների մասին խոսելով, հիմա էլ անցում կատարեցին թուրքերին. ԱԺ 9-րդ գումարման առաջին իսկ նիստին նրանք ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանից փորձում էին ճշտել, թե նա Թուրքիայում գտնվելու ժամանակ արդյոք թուրք տեսե՞լ է, նրանց հետ շփվե՞լ է, թե՞ ոչ։


Թեմայի վերաբերյալ զրուցել ենք ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանի հետ։


«300.000 ադրբեջանցիների մասին այս խոսույթը իրականում ոչ մի բանի մասին է, և ես շարունակում եմ պնդել, որ դա նախընտրական ահաբեկչական միջոցառում է եղել, որը նրանք օգտագործել են ընտրողներին ահաբեկելու համար։ Հետևաբար չունեն ասելիք, չունեն հակափաստարկներ և չեն էլ կարող ունենալ, և վստահաբար հինգ տարի իրենք չեն կարողանալու պատասխանել այն հարցին, թե ինչո՞ւ էին 300.000 ադրբեջանցիների հետ կապված մեջբերումներ արել նախընտրական շրջանում»,- ասաց պատգամավորը։      

 

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն էլ այսօր հայտարարել է, որի իրենք նոր են և պետք է հասկանան շատ իրավիճակներ։ Այս առնչությամբ Արփի Դավոյանն ասաց, որ ինքը չի հավատում այդ խոսքերի անկեղծությանը, որովհետև իրենք գալիս էին իշխանություն վերցնելու, և իշխանություն վերցնելու իրենց  կարգախոսների մեջ որևէ կերպ չկար, որ իրենք նոր են և դեռ բաներ ունեն սովորելու։


«Իրենք ասում էին, որ ընտրությունների այլ ելք չեն ակնկալում, չեն տեսնում և բացառում են, որ իրենք կարող է չգան իշխանության։ Եվ երբ հարց էր հնչում, որ եթե դուք չկարողանաք իշխանություն ձևավորել, ինչպիսի ընդդիմություն եք ձեզ պատկերացնում, իրենք այդ հարցին ուղղակի չէին պատասխանում՝ ասելով, որ այդպիսի ելք հնարավոր չէ»,- հավելեց պատգամավորը։


Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան