ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է դաշնային կառավարության ֆինանսավորումը ժամանակավորապես շարունակելու մասին օրենքը, ասվում է Սպիտակ տան կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
Այս շաբաթվա սկզբին օրինագիծը հավանության էր արժանացել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում և Սենատում։ Բայդենը փաստաթուղթը ստորագրել է Սան Ֆրանցիսկոյում, որտեղ ընթանում է Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովը, գրում է Associated Press-ը։
Օրենքը նախատեսում է, որ առաջին փուլում՝ մինչև 2024 թվականի հունվարի 19-ը, գումար կհատկացվի ռազմական շինարարության, վետերանների գործերի, տրանսպորտի, էներգետիկայի և բնակարանաշինության համար պատասխանատու գերատեսչություններին, իսկ մնացած ծախսային հոդվածները կֆինանսավորվեն մինչև փետրվարի 2-ը։ Ժամանակավոր բյուջեն չի ներառում Իսրայելին և Ուկրաինային օգնության ծախսերը։