Բարձր ջերմաստիճանի պայմաններում աճում է հրդեհների վտանգը․ տեսչական մարմնի նախազգուշացումը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալներով՝ առաջիկա օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է ջերմային ֆոնի էական բարձրացում:

 


Սպասվող բարձր ջերմաստիճանի հետևանքով հրդեհների ու պայթյունների առաջացման ռիսկի կտրուկ աճով պայմանավորված ՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հորդորում է բնակչությանը ցուցաբերել առավելագույն զգոնություն:

 


«Առանձնակի ուշադրություն և խստագույն վերահսկողություն է պահանջվում հատկապես պայթյունավտանգ օբյեկտների տարածքում, մասնավորապես՝ ավտոգազալիցքավորման (ԱԳԼՃԿ) և ավտոբենզալիցքավորման (ԱԲԼԿ) կայաններում:

 


Տեսչական մարմինը հորդորում է նշված տնտեսվարողներին, պատասխանատու անձանց և քաղաքացիներին․


  • ցուցաբերել բարձր իրավագիտակցություն և առավելագույն զգոնություն տնտեսվարող սուբյեկտների տարածքում,
  • խստագույնս վերահսկել գազալցակայանների և բենզալցակայանների տարածքում հրդեհային անվտանգության կանոնների անշեղ պահպանումը,
  • բացառել ծխելու, բաց կրակի օգտագործման կամ կայծ առաջացնող ցանկացած գործողության դեպք,
  • ապահովել տարածքների ամենօրյա հսկողությունը և անհրաժեշտ տեխնիկական/հակահրդեհային միջոցների սարքինությունը։


Տեղեկացնում ենք, որ քաղաքացիներից ստացվող ահազանգերն ու բողոքները հիմնականում վերաբերում են լցակայանների տարածքում քաղաքացիների կողմից անպատասխանատու վարքագծին և անվտանգության կանոնների անտեսմանը՝ մասնավորապես ծխելու դեպքերին։

 


Ուստի բոլոր պատասխանատուներին, քաղաքացիներին հորդորում և խնդրում ենք չանտեսել ստեղծված հրդեհավտանգ իրավիճակը և ձեռնարկել բոլոր կանխարգելիչ միջոցառումները՝ կանխելու հնարավոր արտակարգ պատահարներն ու ապահովելու քաղաքացիների, անձնակազմի և գույքի անվտանգությունը։

 


Ցուցաբերե՛ք բարձր պատասխանատվություն՝ դրանով իսկ նպաստելով հրդեհների ու տեխնածին վտանգների կանխարգելմանը»,- ասվում է հաղորդագրությունում։